Ինչպես հայտնի է, 2026թ–ի հունիսի 7–ին տեղի են ունենալու ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունները․ քաղաքական գործիչները, ընդդիմությունը, իշխանությունը, տարբեր անհատներ ակտիվ պատրաստվում են ընտրություններին, իսկ ընդդիմությունը, նաև, չի բացառում իմպիչմենտի գործընթացը։ Այս օրերին նոր դեմքերի և քաղաքական միավորների պակաս չենք ունենալու, որոնք դիրքավորվում են ընտրություններին ընդառաջ: Օրերս բոլորի համար անակնկալ կերպով քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ հայտարարելով, որ նախաձեռնում է «Արﬔնիա 2026» շարժումը։
Որն է շարժման նպատակը, ինչպես է դիրքավորվելու Մանուկյանը, և արդյոք նեղացած է ՔՊ-ից: Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Նարեկ Մանուկյանի հետ:
«Կարծիքներ կարող են լինել, բայց ովքեր ինձ ճանաչում են, հասկանում են, որ իմ տեսակի դեպքում դա բացառվում է, իմ անունն ավելի թանկ եմ համարում, քան ցանկացած գործարք, իմ դեպքում դա անհնար է, չի կարող ընդհանրապես լինի»,- նախ նշեց Մանուկյանը։
-Իսկ ովքե՞ր են Ձեր թիմակիցները:
-Եթե նկատի ունեք քաղաքական հայտնի մարդկանց, ապա ոչ, իմ թիմում իմ ընկերներն են, իմ շրջապատն է, ում հետ մենք այս գաղափարը երկար տարիներ կիսել ենք, մեր գործով ենք զբաղվել, մեր ընկերական միջավայրում խոսել ենք և վերջում որոշեցինք, որ ՀՀ-ի համար այնպիսի իրավիճակ է, որ մենք պետք է գործուն քայլեր անենք։
-Ինչո՞ւ որոշեցիք հենց հիմա գործուն քայլեր անել, արդյո՞ք դա միայն 2026–ի ընտրություններին մասնակցելու հետ է կապված, թե՞ չեք բացառում նաև փողոցային պայքարը։
-Մենք միշտ ենք որոշել, ուղղակի, չի կարող այն համատեղվի պետական պաշտոնի հետ, իսկ պետական պաշտոնն առողջապահական ոլորտում այսպես է եղել. ես ունեցել եմ մի ծրագիր, որը վերջացրել եմ, պետք է վերջացնեի, նոր անցնեի կյանքի հաջորդ փուլին։ Այս պահին ավելի տեսանելի եմ համարում 2026թ–ի ընտրությունները, բայց, եթե նման՝ փողոցային պայքարի օրակարգ լինի, հասարակության մեջ հասունացած լինի, ակտիվ մասնկացություն կունենանք և կարող ենք նաև առաջնորդել։ Իշխանության դեմ տրամադրությունը շատ մեծ է, բայց փողոցային պայքարը ժողովրդի մոտ այդքան ընդունելի չի լինում վերջին տարիներին, եթե տեսնենք, որ արդյունք կարող է բերել՝ կմասնակցենք, բայց մենք չենք ցանկանում չհաջողված պայքար, քանի որ չհաջողված պայքարն ավելի է ամրապնդում իշխանության դիրքերը։ Եթե լինի պրոցես, որը ավելի տեսանելի լինի, որ կավարտվի իշխանափոխությամբ, ապա կմասնկացենք, եթե՝ ոչ, ապա գնում ենք 2026թ–ի ընտրություններին։
-Արդյո՞ք պատրաստվում եք կուսակցություն հիմնել, թե՞ կմիանաք այլ կուսակցության։
-Այս շարժումը մեր գաղափարները կիսող մարդկանց համար հարթակ է, իսկ եթե տեխնիկական առումով նայենք, ապա ընտրություններին մասնակցելու համար պետք է լինի կա՛մ կուսակցություն, կա՛մ դաշինք: Եվ մոտ ապագայում կտեսնենք՝ կուսակցություն ենք ստեղծում, թե կուսակցությունների հետ դաշինք։
-Մեր տեղեկություններով՝ Դուք ակտիվ հանդիպում եք ունենում Ձեր նախկին բուժաշխատողների հետ, ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը, ցանկանո՞ւմ եք, որ աջակցեն Ձեր քաղաքական շարժմանը, քաղաքական թիմի անդամ դառնա՞ն։
-Չէ, բացարձակ, խուսափում եմ հանդիպումներից իրենց հետ, եթե նույնիսկ զանգեր լինում են, չեմ ցանկանում այդ մարդկանց խառնել այս գործերին։ Իհարկե, մի քանի հանդիպում եղել է, սակայն, այդ մարդկանց հետ ընկերություն ենք արել, և ես խուսափում եմ հանդիպումներից, չեմ ուզում մտցնեմ այս պրոցեսների մեջ, աշխատում եմ՝ հանդիպումներ չլինեն, և զերծ պահել իրենց նման բաներից։
–Դուք տեսնո՞ւմ եք հասարակության մեջ հասունացած այդ գաղափարը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի և չվերընտրվի վարչապետ, և որ 2026թ–ի ընտրություններին դա հնարավոր կլինի իրագործել։
–Հասարակության մեջ կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց թե ով լինի իր տեղը՝ կոնսենսուս չկա. ժողովրդի մոտ, հիմնականում, «ով կլինի իր տեղը» հարցի հետ են կապված։
–Իշխանությունները փորձում են տարբեր քրեական վարույթներ նախաձեռնել այնմարդկանց նկատմամբ, ովքեր որոշել են զբաղվել քաղաքականությամբ, պարզ ասած՝ «ընկել են իրենց ետևից», մտավախություն չունե՞ք, որ Ձեր հանդեպ ևս քրեական վարույթներ կնախաձեռնվեն։
–Ես վատ բան չեմ արել, եթե իմ երկրում ես վախենամ քաղաքականությամբ զբաղվել, երկու պատճառ կարող է ունենալ՝ ես վատ բաներ արած լինեմ, խնդիրներ ունեցած լինեմ և վախենամ, բայց ինչպես նշեցի՝ այդպիսի բաներ չեմ արել։ Կամ եթե անտեղի գործեր կազմեն, ես չեմ վախենում. քաղաքականությամբ զբաղվող մարդը չպետք է վախենա այդպիսի գործընթացներից։
Մարիաննա Արամյան