Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ովքե՞ր են իրականում սնուցում Նիկոլ Փաշինյանին ու ո՞վ է առավել մեղավոր

Blog Image

«Խաղալիք» ֆիլմում մի դրվագ կա, երբ տնօրենը աշխատողին հրամայում է հանվել, ու երբ վերջինս սկսում է կատարել կարգադրությունը, տնօրենը հարցնում է. «Հիմա մեզնից ո՞վ է ավելի հրեշ` ե՞ս, որ հրամայում եմ հանվել, թե՞ դուք, որ հանվում եք»։ 

Հիմա ո՞վ է ավելի ազգադավ, Նիկոլ Փաշինյանը, որը հարձակվում է Հայ Առաքելական Եկեղեցու ու հոգևորականների վրա, թե՞ բոլոր նրանք, ովքեր կատարում են այդ հրամանները կամ արդարացնում նրան։ Ո՞վ է ավելի դատապարտելի՝ ստրկատե՞րը, թե՞ տիրոջը սիրահարված ու ճակատագրին հնազանդված ստրուկը։ Կարծում եմ՝ երկուսն էլ հավասարապես, իսկ երբեմն՝ երկրորդն ավելի։

Առավել քան վստահ եմ, որ այսօր ոհմակի պես Վեհափառի վրա հարձակված ՔՊ-ականների 99 տոկոսը դեռևս ոչ վաղ անցյալում երազում էին նրա աջը համբուրելու մասին։

Այսօր Սրբազաններին ձերբակալած ուժայինների 99 տոկոսը երեկ առիթը բաց չէին թողնի, որ խոնարհվեին նրանց առաջ։ Հոգևորականներին մեղադրանք ներկայացրած դատախազները երեկ կխցվկեին հերթի մեջ, որպեսզի իրենց ու իրենց ընտանիքի համար կորզեին օրհնություն։ Վերջապես նրանց կալանք տվող դատավորները երջանկություն ու պատիվ կհամարեին, եթե նրանց հետ հայտնվեին միևնույն ժամանակ միևնույն վայրում։

Հասարակության մի ստվար հատված, որը մշտապես ապավինել է այդ նույն հոգևորականների զորակցությանը, այսօր անտարբեր է վերջիններիս ճակատագրի հանդեպ։

Քաղաքական գործիչների մեծ մասը դատավարություններն ընկալում է սոսկ սեփական փիառի հնարավորություն ու հայտնվում է դատարանների առջև ընդամենը լրագրողներին ճեպազրույց տալու համար, որպեսզի հանրությանը հիշեցնի իրենց մասին, այդ թվում հանրության այն հատվածին, որը թքած ունի թե՛ կալանավորված հոգևորականների ճակատագրի, թե՛ այդ ճեպազրույցը տվողի վրա ընդհանրապես։

Հետևաբար ինչի՞ համար է այս ամբողջ ֆարսը, եթե դրանից հետո կյանքն ընթանալու է իր հունով, ո՞ւմ են պետք ճեպազրույցների մեծ մասը, եթե դրան չի հետևելու կոնկրետ գործողություն, որը կհանգեցնի հանրային լայն կոնսոլիդացիայի։ Ո՞ւմ են պետք տեսախցիկների առջև հանուն պետության ու հանուն Եկեղեցու «մտահոգված» դեմքերը, եթե ողջ նպատակը սեփական անձի մասին հիշեցումն է։ Ո՞ւմ են պետք ուժայինների խոնարհումները, եթե մեջքը շտկելուց հետո ձեռնաշղթաներ են հագցնելու նրանց, ում առջև հենց նոր խոնարհված էին։ Ո՞ւմ է պետք դատախազների ստացած օրհնանքը, եթե այն ստանալուն պես մեղադրանքի սլաքներն ուղղելու է դրանք տվողին։ Ո՞ւմ է պետք դատավորների պատիվն ու երջանկությունը, եթե դրան հաջորդելու է կալանքի որոշումը։

Վերջապես ո՞ւմ է պետք այս հասարակության մի ստվար հատվածը, որը թքած ունի թե՛ իր Եկեղեցու, թե՛ իր հոգևորականների, թե՛ իր հայրենիքի ու պետության, թե՛ իր մերձավորի վրա ու թե՛ իշխանության և ընդդիմության վրա հավասարապես։

Հիմա ո՞վ է առավել մեղավոր, Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ նրա կամքը հլու հնազանդ կատարող ստորաքարշները, Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ ամեն ինչի ու բոլորի նկատմամբ անտարբեր ստվար զանգվածը։ Թերևս երկուսն էլ հավասարապես, քանի որ մեկը սնուցում է մյուսին ու ապահովում միմյանց գոյությունը։

Կարեն Կարապետյան

Send