Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը ճանապարհի ճիշտ, թե սխալ լինելուց խոսելիս թող Մեսչյան լսի. «Ո՞ւր են տանում, քայլերն անխելք…»

Blog Image

Ճիշտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում։ Առավոտ կանուխ փիլիսոփայել է Նիկոլ Փաշինյանը։ 
Եթե նա լիներ Սոկրատեսը կամ Կոնֆուցիոսը կամ գոնե ինքը լիներ այդ մտքի հեղինակը, կարող էր փիլիսոփայական զրույց ծավալել ու գուցե ձեռք բերեր «մեծ մտածողի» համբավ, հայերին էլ բերեր փիլիսոփայական մի նոր փառքի պսակ, ինչպես ժամանակին Դավիթ Անհաղթը կամ Եզնիկ Կողբացին։

Բայց ցավոք, Փաշինյանը Հայաստանի վարչապետն է ու պետք է ոչ թե խճճվեր լաբիրինթոսի մեջ ու փորձեր դուրս գալու ուղիները փնտրել, այլ կանգներ միակ ճշմարիտ ճանապարհի վրա։ Վերջապես քաղաքականությունը հաշվի է նստում միայն չոր փաստերի հետ, որում չկա ռոմատնիզմ, չկան վերացական դատողություններ, երազանքներ ու պատրանքներ։ Ցանկացած ճանապարհ մուտք գործելուց առաջ իրական պետական գործիչը նախ սահմանում է նպատակը, այնուհետև ընտրում ճանապարհը։ Ու այդ ճանապարհը միայն ճիշտ պետք է լինի, քանի որ սխալը կարող է ճակատագրական լինել։

Իսկ Նիկոլ Փաշինյանն իրոք խճճվել է լաբիրինթոսում, ու պատճառը նրա գաղափարազուրկ ու պատեհապաշտ լինելն է։ Նա չի սահմանում որևէ ընթացք ու նպատակ, նրա ցանկացած որոշում ունի այսրոպեական հիմք։ Նա տեսնում է միայն Էրդողանի, Ալիևի, Թրամփի կամ Պուտինի ժպիտները ու փոխադարձ ժպտում, բայց քծնանքով։ Նա ի զորու չէ կարդալ այդ ժպիտները, հասկանալ բառերը, զգալ ձեռքսեղմումները, ըմբռնել մեսիջները, կարդալ տողատակերը։ Նա ունակ չէ հասկանալու, որ այդ ժպիտները կարող են արտահայտել արհամարհանք, բառերը՝ սպառնալիք, ձեռքսեղմումները՝ անտեսում, մեսիջները՝ զգուշացում, տողատակերը՝ վերջնագիր։

Բայց, այնուամենայնիվ, ո՞ւր է տանում այն ճանապարհը, որն այս լաբիրինթոսում ընտրել է Նիկոլ Փաշինյանը, դեպի ե՞լք, թե՞ էլ ավելի խճճում։

Եկեք մենք նույնպես մտովի գնանք այդ ճանապարհով ու փորձենք հասկանալ  ՝ երևո՞ւմ է, արդյոք, վերջում լույսը, թե՞ խավարն էլ ավելի է թանձրանում։

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Չինաստան, այնտեղ հանդիպում է Պուտինին ու խոսում հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին։ Բայց այդ նույն ժամանակահատվածում, նույն իշխանությունները երկրի ներսում գեներացնում են հակառուսական տրամադրություններ, նույն Նիկոլ Փաշինյանը բոլոր աղետների պատճառ բացի հայերից հռչակում է նաև ռուսներին, ի լուր աշխարհի արժեզրկում է Ռուսաստանի կողմից ստեղծված կառույցները, որդիական խոնարհությամբ հնազանդվում է տարածաշրջանում Ռուսաստանի գլխավոր հակառակորդին՝ Թուրքիային, ու հող նախապատրաստում ռուսական ռազմական բազաները Հայաստանից հանելու համար։ 

Այսքանից հետո Փաշինյանը կարո՞ղ է հուսալի գործընկեր համարվել Ռուսաստանի կամ Թուրքիայի կողմից, ում գիրկն այդպես ինքնամոռաց նետվել է նա։

Չինաստանում Նիկոլ Փաշինյանն անվերապահորեն Թայվանը ճանաչում է Չինաստանի կազմում ու միևնույն ժամանակ ԱՄՆ-ի հետ փորձում գնալ հարաբերությունների խորացման, ընդհուպ՝ ռազմավարական դաշնակցության։ Իսկ Թայվանի հարցում ԱՄՆ-ն տրամադրված է ռադիկալ։ Այսքանից հետո ո՞վ պետք է վստահի Նիկոլ Փաշինյանին, Չինաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ն։ Իհարկե, բնավ կարիք չկա հանուն ԱՄՆ-ի ստանձնել Թայվանի անկախության առաջամարտիկի դերը, բայց կարելի է զերծ մնալ հայտարարությունից, հատկապես, երբ դու չունես քաղաքական գործչի այն կշիռը, որի կարծիքը կարող է որևէ մեկին հետաքրքրել։

Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Պակիստանի հետ ու հավակնում, որ Հնդկաստանը կդառնա Հայաստանի զենքի հիմնական մատակարարն այն նույն ժամանակահատվածում, երբ այդ երկու պետությունները այն աստիճանի թշնամական հարաբերությունների մեջ են, որ ի տարբերություն ՀՀ վարչապետի, նրանցից որևէ մեկի մտքով չի անցնում հանդես գալ ինչ-որ «խաղաղության խաչմերուկ» առաջարկով։ Հիմա, ո՞վ ավելի հուսալի գործընկեր կարող է լինել, Պակիստանը, որը նույնիսկ չի էլ ճանաչել Հայաստանի անկախությունն ու անուղղակի մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմում հօգուտ Ադրբեջանի, թե՞ Հնդկաստանը, որը մշտապես աջակցել է Հայաստանին ու ում մոտ կարող են առաջանալ անվստահության հիմքեր։

Նիկոլ Փաշինյանը Չինաստանում մասնակցում է Ճապոնիայի դեմ հաղթանակին նվիրված շքերթին ու անմիջապես մեկնում Ճապոնիա։ Այս տողերը գրելու պահին դեռևս հայտնի չէ, թե նա ինչ կհայտարարի այնտեղ, բայց արդյո՞ք կարելի է հուսալ, որ Ճապոնիան վստահությամբ կընդունի մի մարդու, որը դեռ երեկ չինացիների հետ տոնում էր իր պարտությունը։

Նիկոլ Փաշինյանը Իրանին վստահեցնում է, որ որևէ միջանցքային  տրամաբանություն չի լինելու և անմիջապես հանձնում է Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքն» ու անվանում «Թրամփի ուղի»։ Ի հավելումն անվան`դրա վերահսկողությունը տալիս է ԱՄՆ-ին, երբ վերջինս Հայաստանի անմիջական հարևանի՝ Իրանի հետ գտնվում է թշնամական հարաբերություններում։ Այսքանից հետո կարո՞ղ է նա ակնկալել Իրանի աջակցությունը հետագայում։

Կարելի է շարունակել, բայց սրանք վերջին ժամանակահատվածի իրադարձություններն են, որոնք Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես «ճանապարհ»։

Իհարկե, քաղաքականությունը բազմաստանդարտ գործողությունների համալիր է, ու բնավ պարտադիր չէ հանուն մեկի՝ հարաբերությունները փչացնել մյուսի հետ, բայց Նիկոլ Փաշինյանի քայլերում չկա հստակություն ու սկզբունք, ինչը նկատելի է բոլորի կողմից։ Հետևաբար, բոլորին դուր գալու ցանկությունը հանգեցնում է անվստահելի գործընկերոջ համբավի՝ պետության համար իր բոլոր բացասական հետևանքներով։

Կարեն Կարապետյան

Send