Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ եղան «Հայկական ավիաուղիների» օդանավերը, ե՞րբ կվերսկսի ընկերությունը թռիչքները

Blog Image

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը (Armenian Airlines) ապրիլ ամսից թռիչքներ չի իրականացնում։ Պատճառը օդանավերի բացակայությունն է՝ ընկերությունն երկու Airbus A321 օդանավ ուներ, բայց երկուսն էլ հանձնել է թուրքական Southwind Airlines ընկերությանը։ Այժմ չունի որևէ օդանավ, որով կկարողանա թռիչքներ իրականացնել։ 

Մի քանի ամիս է՝ «Հայկական ավիաուղիներ» ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում տարբեր ընկերությունների հետ, որ կարողանա նոր օդանավեր ձեռք բերել։ Ու քանի որ ընկերությունը չունի շահագործման ենթակա գեթ մեկ օդանավ, հետևաբար, օրենքի պահանջով, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մայիսի 6-ին վեց ամսով կասեցրել է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: 

Ժամկետը լրանում է նոյեմբերի 6-ին, և մինչև այդ օրը «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն պետք է կարողանա իր օդանավերի հարցը լուծել, որ իրավունք ստանա վերսկսելու թռիչքները։ Թե որ փուլում է այս պահին օդանավ ձեռք բերելու գործընթացը, և արդյոք հայկական եզակի ավիափոխադրողներից մեկը նորից կվերադառնա՞ երկինք, «Հայկական ավիաուղիներից» MediaHub-ին հստակ պատասխան չտվեցին։ Փոխարենը ասացին հետևյալը, որ սեպտեմբերին (1-1.5 ամսից) ավիաընկերությունը նախատեսում է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով ուղևորներին ավիաընկերության գործունեության, մասնավորապես` նոր օդանավերի ձեռքբերման գործընթացի և չվերթների վերսկսման նախատեսված ժամկետների վերաբերյալ։ Ընկերությունում հույս ունեն, որ կհաջողվի, ի վերջո, պայմանավորվածություններ ձեռք բերել կոնկրետ ընկերության հետ, որից կկարողանան օդանավ ձեռք բերել և վերսկսել թռիչքները։

Բայց, դատելով ընկերության կցկտուր պատասխաններից, կարելի է ենթադրել, որ այս պահին դեռ որևէ դրական տեղաշարժ չկա այս հարցում։ Համենայնդեպս, մոտակա ժամկետը, որ նորություն կլինի, սեպտեմբերն է, որից հետո պարզ կդառնա՝ կթռչե՞նք նորից «Հայկական ավիաուղիներով», թե՞ այս մի հայկական ընկերությունն էլ կանցնի պատմության գիրկը։ 

Վահե Մակարյան

Send