Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանն ապացուցեց, որ սովորական նիկոլական է. եթե Ալիևը միջանցքը «Մելիք Ֆրանգյուլի» նրբանցք էլ անվանի՝ ոչինչ չի փոխվի

Blog Image

Նիկոլ Փաշինյանն ու իր երդվյալ ընտրազանգվածը նմանվում են հավ ու ձվի պատմությանը, թե ո՞վ է առաջինը եղել։ Յուրաքանչյուր պետություն, որում ձևավորված չէ քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարությունը չունի արմատացած հիմքեր, քաղաքական միտքը դեռ չի հասցրել վերածվել կայուն մշակույթի, կարող է ունենալ վերելքներ ու անկումներ։ Ըստ այդմ՝ հարց է առաջանում, տվյալ պահի անկու՞մը ծնեց Նիկոլ Փաշինյան, թե՞ վերջինս է իր ստորին բնազդները փորձում փաթաթել հանրության վզին ու արմատավորել որպես քաղաքական մշակույթ։ Ընդ որում, Փաշինյանի ու իր հավատավոր ընտրազանգվածի կապը դառնում է շատ ուղիղ ու փոխլրացնող։

Որոշ ժամանակ առաջ ինչ-որ մեկը գրել էր. «Լավ թե վատ, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց լուծել Արցախի հարցը»։ Գրառման այդ հեղինակը սովորական նիկոլական է՝ զուրկ քաղաքական ու ազգային մտածողությունից, որն ամբողջովին տեղավորվում է Փաշինյանի «այստեղ հաց, այստեղ կաց» տրամաբանության մեջ։ Այսինքն՝ օրվա ուտելիքը կա, ուրեմն ամեն ինչ հրաշալի է, դու երջանիկ քաղաքացի ես։ Սակայն երեկվա իր «մի րոպե մի բան ասեմ» հերթական տխմարաբանության ընթացքում Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ինքը նույնպես սովորական նիկոլական է, որը ոչնչով չի տարբերվում վերոնշյալ մտքի հեղինակից։
Բերելով կոնտեքստից կտրված, իրականության աղավաղված օրինակներ՝ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահների հասցեին հնչեցրեց մեղադրանք, թե բա «լուծեիք Ղարաբաղի հարցը»։ Այս մեղադրանքը ենթադրում է, որ ինքը Արցախի հարցը լուծել է, այսինքն՝ գործում է նույն պրիմիտիվ նիկոլականությունը՝ չկա Արցախ, չկա նաև Արցախի հարց։

Սակայն Նիկոլ Փաշինյանը ներկա պահին մասնակի, իսկ ապագայում նաև ամբողջովին լուծում է նաև Հայաստանի Հանրապետության հարցը։ Մինչ Փաշինյանի կողմից Արցախի հարցի «լուծումը» քաղաքական օրակարգում երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետության հարց, իսկ այսօր կա։ Ընդ որում, Հայաստանի հարցի քննարկման բանակցային գործընթացին նույն Հայաստանը չի մասնակցում։ Հայաստանին իրավունք է վերապարված ընդամենն ըմոստանալ, այն էլ՝ անհաջող, միայն անվանումների վերաբերյալ, սակայն բովանդակությունը մնում է անփոփոխ։

Նախքան Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցի «լուծումը», Ադրբեջանն ու Թուրքիան միայն կարող էին երազել, որ երբևէ Սյունիքի մարզով կստանան միջանցք ու ավելին՝ Ադրբեջանը մասնաբաժին կունենա այդ միջանցքում։ Իսկ Փաշինյանի ամբողջ վեճն այն է, որ Ալիևը այն չանվանի «Զանգեզուրի միջանցք»։ Սակայն եթե Ալիևն այն անվանի «Թրամփի ուղի» կամ «Մելիք Ֆրանգյուլի» նրբանցք, միևնույնն է, բովանդակությունը մնալու է անփոփոխ։

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցի «լուծումը» հանգեցրեց նրան, որ Ալիևը ադրբեջանցիների «վերադարձի» անվան տակ անթաքույց օրակարգ բերեց «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը, ինչն էլ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացրեց՝ այն համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ։ Հիմա որքան էլ Փաշինյանը փորձի այդ վտանգը չեզոքացնել, կրկին անհաջող, միևնույնն է, հարցն արդեն շրջանառության մեջ է։ Տարբերությունը թերևս այն է, որ Նիկոլ Փաշինյանը թե’ միջազգային հարթակներում, թե’ հայ հանրության մոտ փորձում է ամեն գնով նսեմացնել Արևմտյան Հայաստանն ու ջնջել մեր պատմական հիշողությունը, Ալիևը հակառակը՝ բոլոր միջոցներով «Արևմտյան Ադրբեջանը» բերում է քաղաքական օրակարգ։
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցի «լուծման» արդյունքը եղավ այն, որ Ալիևը պարտադրում է փոխել ՀՀ Սահմանադրությունն ու հրաժարվել Անկախության հռչակագրից, իսկ Փաշինյանը պարտավորվել է կատարել նրա թելադրանքները՝ մանիպուլացնելով որպես ներքին օրակարգ։

Վերջապես Փաշինյանի՝ Արցախի հարցի «լուծման» հետևանքը բերեց նրան, որ այսօր թե’ Ալիևը, թե’ Էրդողանն անմիջական մասնակցություն ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության ձևավորման հարցում ու անուղղակի միջամտություն՝ ներքաղաքական կյանքին։

Կարեն Կարապետյան

Send