Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Կաթողիկոսին հեռացնելուն զուգահեռ՝ Շողակաթ TV-ն էլ կփակեն, Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը. Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեռևս օգոստոսի վերջին Ռուսաստանում արգելափակվել էին հայկական «Սպայկա» ընկերության բեռնատարները: Այս հանգամանքը, բնականաբար, մեծ վնասներ է հասցնում ոչ միայն ընկերությանը, այլև հայ գյուղացուն, ընդհանրապես պետությանը:

Մեր ունեցած տեղեկություններով, իրավիճակը շտկելու նպատակով «Սպայկան» վերադասավորումներ է իրականացրել իր լոգիստիկ հնարավորություններում և որոշում է կայացրել վերսկսել մթերումները: «Փաստ» թերթը դիմեց ընկերության գրասենյակ՝ ճշտելու՝ արդյո՞ք «Սպայկան» իսկապես վերականգնել է մթերումները, և եթե այդպես է, ապա արտահանման հեռանկարի անորոշության պարագայում ինչպե՞ս է մթերում իրականացվում:

Ընկերությունից հաստատեցին մեր տեղեկությունները և հավելեցին, որ մթերումներն իրականացնելու են «թեկուզև պահեստավորման նպատակով, անգամ առանց արտահանման հստակ ապագայի»։

Նաև հավելեցին, որ «Սպայկան» կարևորում է այն գիտակցումը, որ ԵԱՏՄ և հատկապես ՌԴ շուկան շարունակում է մնալ Հայաստանի արտահանման հիմնական ու ներկայումս անփոխարինելի ուղղությունը, սակայն նույնիսկ բեռնատարների արգելափակման պարագայում չի կարող մենակ թողնել գյուղացուն` հասկանալով դրա աղետալի հետևանքները։ Ընկերությունից նաև վստահություն հայտնեցին, որ «ստեղծված իրավիճակը կգտնի իր կառուցողական հանգուցալուծումը՝ ի շահ Հայաստանի ու մեր գործընկերների»։

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Սեպտեմբերի 22-ին հրապարակվեցին ՔՊ 7-րդ համաժողովում կուսակցության վարչության, նախագահի եւ վերահսկող հանձնաժողովի ընտրության արդյունքները։ Վարչության 20 տեղի համար առաջադրվել էր 41 թեկնածու, այդ թվում՝ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր, 2019-ին Իջեւանի համայնքապետի պաշտոնակատար, 2021-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը:

Նա մինչեւ համաժողովը ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախագահն էր։

Քվեարկության արդյունքում վարչության անդամի թեկնածու Հայկ Ղալումյանը ստացել է 299 քվե, իսկ ընտրվելու նվազագույն շեմը 405 քվեն էր։ Նա չի առաջադրվել կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամի թեկնածու։

Փաստորեն, Տավուշի մարզպետը չընտրվեց ՔՊ վարչության անդամ եւ զրկվեց վերահսկող հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Ի դեպ, Հ․ Ղալումյանի` Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կենսագրության մեջ երկար ժամանակ նշված չէր, որ նա ՔՊ անդամ է: Շատ ավելի ուշ են ավելացրել կուսակցական պատկանելության մասին տեղեկությունը: Ղալումյանին հարցրել էինք, թե որ թվականից է ՔՊ անդամ։ Այդ պարզ հարցին չի պատասխանել, խորհուրդ է տվել այդ հարցով դիմել ՔՊ կուսակցություն։ 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ոչ միայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին են ուզում գահընկեց անել, այլեւ ուզում են փակել եկեղեցու քարոզչական միակ հեռուստաալիքը՝ «Շողակաթ»-ը:

Հիշեցնենք, որ դեռ նախանցած տարի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի կողմից առաջարկ եղավ դադարեցնել «Շողակաթ» հոգեւոր-մշակութային ալիքի ֆինանսավորումը եւ տվյալ գումարը հատկացնել «Հանրային հեռուստաընկերությանը»։

Իշխանական պատգամավորները ողջունեցին առաջարկը։

ՔՊ-ական մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ առաջարկեց մրցութային կարգով ապահովել ֆինանսի տրամադրումը։ Պատգամավորի համոզմամբ՝ «Շողակաթ»-ն ուղղակի «վերցրել եւ տրամադրել են կրոնական կառույցի, որն ամենեւին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում»։ Ղազարյանը նշել էր՝ պետք է ամբողջովին մշակութային ալիք ունենալ։

Թագուհի Ղազարյանին անհանգստացրել էր նաեւ այն, որ հեռուստաընկերությունն անդրադարձել էր «Սրբազան պայքար»-ին, սակայն «Շողակաթ»-ի անդրադարձը եղել է միայն եկեղեցական կյանքի տրամաբանությամբ, եւ հեռուստաալիքը դադարել էր լուսաբանել պայքարը, երբ սառեցվեց Բագրատ Սրբազանի հոգեւոր ծառայությունը։

«Ժողովուրդ» օրաթերթին Թագուհի Ղազարյանը հայտնեց, որ քննարկումներ են ընթանում այս պահին, սակայն թե ինչ փուլում են այդ քննարկումները եւ ինչ են առաջարկում «Շողակաթ»-ի փոխարեն, ինչ նախագիծ են ունենալու՝ մանրամասներ չհայտնեց։ ՔՊ-ական պատգամավորը միայն տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներս որոշում կկայացնեն «Շողակաթ» հեռուստաընկերության վերաբերյալ եւ հանդես կգան հրապարակային հայտարարությամբ։

Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ հենց Թագուհի Ղազարյանն է նախաձեռնել օրինագիծ՝ հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ»։

Send