Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրոթյուն տարածեց՝ հայտնելով, որ քրեական վարույթ են նախաձեռնել Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի նկատմամբ։ Ըստ այդ հաղորդագրության՝ ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ն (Գարեգին Խումարյանը-խմբ․), ցանկանալով դատական կարգով վիճարկել Հանրային հեռարձակողի խորհրդի՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Ա․Ք․-ին (Արմեն Քոլոյանին-խմբ․) հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին որոշումների իրավաչափությունը, սակայն գիտակցելով, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողել, նպատակադրվել է կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու և ներկայացնելու միջոցով հասնել նրան, որ հայցադիմում ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելը համարվի հարգելի։ Այսինքն՝ Քննչական կոմիտեն Խումարյանին մեղադրում է փաստաթուղթ կեղծելու մեջ։
MediaHub-ն այս առնչությամբ դիմեց Գարեգին Խումարյանին՝ լսելու նրա մեկնաբանությունը։
Ի պատասխան՝ Խումարյանը մեզ ասաց, որ այն վերաբերում է իր կողմից Հանրային ռադիոընկերության տնօրենի այսպես կոչված մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին։ Այսինքն՝ կրկնեց այն, ինչ նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա Խումարյանն ասաց․ «Մեղադրանքը բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ է, քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»։
Վահե Մակարյան