Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա շենքի բակում վիրավոր քաղաքացի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ «պոլիտրավմա ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Տեղում պարզվում է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հովհաննես Բ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցի 11Ա շենքի բակից: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված 10-հարկանի շենքի 6-րդ հարկից Հովհաննես Բ.-ն կա՛մ անզգուշաբար վայր է ընկել, կա՛մ ինքնասպաություն գործելու նպատակով ցած է նետվել:
Նրան առաջինը նկատել են շենքի բնակիչները և մինչ շտապօգնության ժամանումը բնակիչներն իրենք են օգնություն ցուցաբերել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: