«Հրապարակ» օրաթերթը գրում է․
ՔՊ-ում գրեթե համոզված են, որ ՔՊ նոր վարչության «կինդեր սյուրպրիզը» լինելու է պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը` խորհրդարանի լռակյացներից մեկը, որը գիտական հոդվածների հեղինակ է եւ, ինչպես ՔՊ-ում են բնութագրում՝ փայլուն տիրապետում է անգլերենին:
Բայց նրա ամենամեծ արժանիքն Աննա Հակոբյանի հետ մտերմությունն է։ ՔՊ կանանց շրջանում միշտ քննարկում են, թե ինչպես է հաջողվում նրան այդքան հաճախ հայտնվել վարչապետի կնոջ նախաձեռնած միջոցառումներին։ ՔՊ նոր վարչությունը, հիշեցնենք, կընտրվի սեպտեմբերի 20-ին՝ կուսակցության համագումարի ընթացքում:
Կանանց քվոտան ավելացրել են, վարչության կազմում 20 անդամից 5-ը պետք է կին լինի։ ՔՊ-ական կին գործիչներից վարչության անդամի համար առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Մանավազյանը, Սոնա Ղազարյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթեւիկ Գասպարյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ցանկում այլ անուններ էլ կան, որոնք հանրությանն այնքան էլ հայտնի չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանի՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը դատական համակարգում շոկային է եղել: Պարզվում է, որ դատական համակարգի շատ դատավորներ խաբված են համարել իրենց։ Ինչո՞ւ:
Բանն այն է, որ 2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը, ու թեկնածուն էր Արմեն Դանիելյանը։ Նա հայտարարել էր, որ եթե ընտրվի ԲԴԽ անդամ, խոստանում է, որ առաջխաղացման ցուցակում չի ներառվի, կմնա իր տեղում: Եվ դատավորները, լսելով նրա ելույթը, քվեարկել էին նրա օգտին ու ընտրել ԲԴԽ անդամ։
Սակայն Դանիելյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության շատ պաշտոնյաներ, խաբել է: Մեկ տարի անց նա հայտնվեց առաջխաղացման ցուցակում, եւ ՔՊ -ն էլ ընտրեց նրան Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, որպեսզի Դանիելյանը նշանակվի դատավոր։
Դատական համակարգում երեկ մասնակից բոլոր դատավորները իրենց խաբված համարեցին:
Ինչո՞ւ Արմեն Դանիելյանը խաբեց դատավորներին. այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում փորձում էր ստանալ անձամբ նրանից, սակայն Դանիելյանը հորդորեց բոլոր հարցերով դիմել դեպարտամենտ՝ այդպիսով հրաժարվելով պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն էին ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավորներ Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։
Երեկվա ընտրությունը ուշագրավ էր նրանով, որ այս քվեարկությունը պետք է տեղի ունենար գարնանը, սակայն հետաձգվեց, եւ այդ հետաձգումը «գին» ուներ:
Քաղաքական իշխանությունը այդ ժամանակ արձակուրդի պատրաստվող դատավոր Արմեն Դանիելյանի արձակուրդը հետաձգեց, դատական բաշխիչ համակարգիչն էլ նրան ընտրեց, որ քննի գործարար-բարերար Սամվել Կարապետյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքը: Բնականաբար, Դանիելյանը մերժեց գործարարին կալանքից ազատելու հայցը, եւ Սամվել Կարապետյանը մինչ օրս անազատության մեջ է ու պահվում է ԱԱԾ մեկուսարանում։
Այդ «անձնազոհության» համար ՔՊ պատգամավորները երեկ Դանիելյանի համար կարիերայի աճ ապահովեցին»։
«Հրապարակ» թերթը գրում է.
Իշխանական թիմը վստահ է, որ հաջորդ ընտրություններով վերարտադրվելու է, ուստի սկսել են պաշտոնների բաժանման քննարկումները։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում մի ստվար խումբ խմբակցության քարտուղար, ճամբարափոխ եւ իր քավորից հրաժարված Հայկ Կոնջորյանին է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնին: Թիմում դա բացատրում են նրանով, որ նա անմրցելի քաղաքական հռետոր է, մարդկային փոխհարաբերություններում զուսպ է, կոմպրոմիսի գնացող:
Իսկ ոմանց կարծիքով, Կոնջորյանն արժանի չէ նման բարձր պաշտոնի, ճամբարափոխի իմիջ ունի եւ խոցելի է այդ առումով։ Ոմանք առավել հավանական են համարում ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցի թեկնածությունը:
Թիմում խոսում են, որ Մակունցին Փաշինյանը որոշել է ներգրավել նախընտրական գործընթացի կազմակերպչական հարցերում, եւ, դատելով կանանց հանդեպ նրա ակնածանքից, չի բացառվում, որ այս առանցքային պաշտոնին էլ որոշի կին նշանակել, եթե, իհարկե, 2026-ին կարողանա իշխանությունը վերցնել: