Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Գերդաստանի մայրերի» վզին՝ զիջումները, վաղարշապատցիների վզին էլ՝ եկեղեցին քանդելը. Փաշինյանը գտավ մեղավորներին

Blog Image

Վաղարշապատում անցկացված ՏԻՄ արտահերթ ընտրությունների արդյունքները պարզ են. ՔՊ-ն կարողացավ իր հաղթանակը տոնել, թե ինչպիսի խախտումների,  վախի մթնոլորտ ստեղծելու և վարչական ռեսուրս կիրառելու հաշվին, արդեն այդքան էլ կարևոր չէ. կա փաստ, որի հետ այսպես թե այնպես, քաղաքացին պետք է հաշվի նստի։

Մեխակյանն ու իր թիմը Արամ Զավենիչի «հեզ կնոջ» հավատարմության ու հնազանդության շնորհիվ նաև, Վաղարշապատում կվերցնեն իշխանությունը։ Իսկ ի՞նչ կտա դա շարքային վաղարշապատցուն. թերևս, ոչինչ։ Այսօրվանից մարդիկ կշարունակեն ապրեն իրենց սովորական առօրյայով, յուրաքանչյուրն իր գործին, չհաշված այն մարդկանց, որոնք ընդդիմության թեկնածուի հարազատը լինելու պատճառով կորցրին իրենց աշխատանքը։ Յուրաքանչյուրի կյանքն իր հունով, բայց...։ Այստեղ մի շատ կարևոր բայց կա. Մեխակյանի ընտրվելը կանաչ լույս դարձավ Փաշինյանի համար, որը արդեն հանգիստ խղճով կարող է հարձակվել եկեղեցու վրա։ Չէ՞ որ էջմիածնեցին իր համաձայնության քվեն տվել է, չէ՞ որ եկեղեցու դեմ պայքարող թիմն արդեն իշխանության է։

Եթե Արցախը հանձնելն ու զիջումների գնով խաղաղության գնալը Փաշինյանը կարողացավ փաթաթել գերդաստանի մայրերի վզին, ապա հիմա ցանկացած հակաեկեղեցական քայլ հենց էջմիածնեցու վզին է փաթաթված լինելու, և որպես ճիտին պարտք ամեն էջմիածնեցի այսուհետ տանելու է նաև Վեհափառի ու եկեղեցու դեմ պայքարի «գաղափարը»։

Ի դեպ, ընտրությունից ժամեր անց այդ պարտքի մասին իր հիշեցման առաջին քայլն արեց Փաշինյանը։ Շնորհավորելով վաղարշապատցիներին «ժողովրդավար» ընտրության արդյունքների համար՝ Փաշինյանը հստակ նշել է. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։ 

Այո՛, հարգելի վաղարշապատցի, դու այդ լիցքը տվեցիր, դու եղար կանաչ լույս եկեղեցու վրա հարձակման գործի համար, ու այլևս կարևոր չէ, թե դու դա գիտակցել ես մինչև ընտրության գնալը, թե՝ ոչ, էլ էական չէ, թե դու վաղը ինչպես կարդարանաս՝ ասելով, թե չգիտեիր, որ այդպես է լինելու, որ եկեղեցու վրա հարձակվողներից մեկն էլ հենց դու ես լինելու՝ քո իսկ քվեով։ Ի դեպ, դու լինելու ես այդ ամենի մեղքը կրողներից մեկը, քանի որ հենց դու գնացիր ու ավելի լավ Վաղարշապատ ունենալու խոստման ներքո քո ձայնը տվեցիր ընդդեմ եկեղեցու։

Այսպիսով, սիրելի հայրենակից, քո ջանքերով շատ շուտով քաղաքական պայքարը կդրսևորվի նաև եկեղեցու դռների մոտ, որտեղ մի կողմում կլինես դու, իսկ մյուսում՝ հանուն եկեղեցու պայքարողները։ Չնայած, հնարավոր է, որ այդ բախման ժամանակ դու հասկանաս՝ ինչ ես արել ու դառնաս դեպի եկեղեցի։ Կլինի՞ այդպես, հստակ ոչինչ ասել չենք կարող, բայց մի բան հստակ է՝ դու երեկ քո քվեով թույլ տվեցիր, որ անսասան մնացած վերջին արժեքը՝ Հայոց եկեղեցին, քանդելու գործընթացը այսուհետ «արդարացված» լինի։

Նարե Գնունի

Send