Թուրքիա կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց տեղի հայ համայնքի հետ, որի ընթացքում արեց երկու հայտարարություն, ինչից կարող էր ստեղծվել տպավորություն, որ հանդիպման է եկել ոչ թե ՀՀ վարչապետը, այլ որևէ թուրք ազգայնամոլ գործիչ։ Առաջին հայտարարությամբ նա Ցեղասպանության մեղավոր ճանաչեց հայերին, երկրորդ հայտարարությամբ նա կրկին մեղավոր ճանաչեց հայերին, որ Թուրքիան չի հաջողում իրականացնել Մեծ Թուրանի գաղափարախոսությունը։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես արդարացրեց թե՛ Աբդուլ Համիդի, թե՛ հետագայում երիտթուրքերի, թե՛ այսօր թուրք-ադրբեջանական գործողությունները հայերի հանդեպ։ Ավելին, նա ոչ միայն արդարացրեց, այլև իրեն ուղղակիորեն հռչակեց նրանց գաղափարախոսության կրողն ու իրականացնողը։
Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը տառացիորեն հայտարարեց հետևյալը. «Մեր վերջին մի քանի 100 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղում ու անընդհատ ընկնում է մեքենայի տակ, որովհետև կանոնները չգիտի։ Չի հասկանում, որ ոչ թե մեքենան է գազան, այլ պարզապես ինքը չի կարող գտնվել այդտեղ»։
Ըստ թուրքահպատակ ՀՀ վարչապետի, սկսած դեռևս Աբդուլ Համիդի ժամանակներից, մեզ ցեղասպանել են, քանի որ ինքներս ենք մեղավոր, չենք իմացել կանոնները։ Մեզ տեղահանել են մեր հայրենի հողից, քշել Դեր Ձորի անապատով, կոտորել ու մատնել սովի, ոչ թե այն պատճառով, որ թուրքերը գազան են, այլ պարզապես մենք չէինք կարող գտնվել այդտեղ։
Ճիշտ այդպես մտածում էր Թուրքիան, որը Հայոց Ցեղասպանության նշանաբան էր դարձրել Օտտո Բիսմարկի. «Չկա մարդ չկա պրոբլեմ» խոսքերը։ Նիկոլ Փաշինյանն իր ստորության մեջ ավելի հեռու է գնում, նա մեղմում է թուրքերի վայրագ բնույթը, մաքրում է թուրքական յաթաղանի վրայից հայերի արյունը, շեշտելով, որ նրանք գազան չեն։ Նրանք գազան չեն, այդ մենք իրավունք չունեինք լինեինք այդտեղ ու մենք չենք իմացել խաղի կանոնները։
Անշուշտ կհիշեք Խորհրդային տարիների «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը, որտեղ պնակալեզ ու ստորաքարշ Սամոխվալովը Նովոսելցևին ասում է. «Xотя ты меня стукнул, но по заслугам»։ Իհարկե, Նովոսելցևը Էրդողանը չէ, բայց Փաշինյանը Սամոխվալովն է միանշանակ։ Սամոխվալովի քծնանքի հիմքում նույնպես սեփական պաշտոնը պահելու մոլուցքն էր։
Հաջորդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասում է. «Եկեք բացենք սահմանները։ Ասում ենք Թուրանը, բայց պատկերացնո՞ւմ եք, որ մենք Հայաստանն ուզում ենք զարգացնենք ու Թուրքիայում լինեն քաղաքական շրջանակներ, որոնք ասեն, հլը սրանց տեսեք։ Եկեք մենք էլ ապրենք, ուրիշներին էլ ապրելու հնարավորություն տանք»։
Այս ուրացումն ունի կրկնակի մեղադրանք, առաջինը՝ մենք խանգարում ենք Մեծ Թուրանի ստեղծմանը, երկրորդը՝ մենք ենք մեղավոր, որ Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը։ Այս ազգադավ հայտարարության հետևանքը կլինի այն, որ կտրամադրվի «Զանգեզուրի միջանցքը» ու Հայաստանը կբնակեցվի ադրբեջանցիներով։ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները տեղի են ունենում հենց այս համատեքստում ու այս նպատակով։ Քաղաքականապես ոչնչացված Հայաստանը ազգային արժեքներից կտրված ու անդեմ եկեղեցիով՝ խոշորագույն քայլ է լինելու թյուրքական աշխարհի միավորման գործընթացում։
Իհարկե, ժամանակի ընթացքում ձևափոխված է նաև Մեծ Թուրանի գաղափարախոսությունն ու ամենևին պարտադիր չէ, որ թյուրքական պետությունները հրաժարվեն իրենց ինքնիշխանությունից ու կազմեն մեկ պետություն, սակայն նրանք կարող են միավորվել ընդհանուր ծագմամբ, ընդհանուր աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերով, ընդհանուր գաղափարախոսությամբ, մոտեցումներով ու գործողություններով։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Նիկոլ Փաշինյանը սպասավորի իր տրամաբանությամբ ձգտում է Հայաստանը վերածել թյուրքական աշխարհին ծառայություններ մատուցող մի միավորի, որը ընթանալու է «սնունդ աշխատանքի դիմաց» տրամաբանությամբ։
Կարեն Կարապետյան