Երեկ՝ հուլիսի 7-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Որոշ ժամանակ անց «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ, որտեղ դարձյալ բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ նա նույնպես տեղափոխվել է վիրահատարան և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ երկրորդ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա» ախտորոշամամբ։
Քրեական և համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ծաղկաձոր խաղատներից մեկի մոտից, ինչի համար ժամանել են մեծ թվով քրեական, համայնքային ոստիկաններ ու պարեկներ, որպեսզի փնտրեն դեպքի վայրը։
Որոշ ժամանակ անց Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում գտնվող «Infiniti» գիշերային ակումբի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր, կոտրված ապակու կտորներ։
Տեղում պարզվում է, որ ժամը 01։30-ի սահմաններում նշված գիշերային ակումբի մոտ վիճաբանություն է առաջացել ակումբի անվտանգության աշխատակից, Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Սարգիս Դ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչատուր Ն․-ի միջև։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։