Հայաստանում ներկա պահին մոլեգնում է թուրքական տեռորը։ Ո’չ, խոսքը ներքին թուրքի մասին չէ, ինչպես սովորաբար ընդունված է ասել, այլ բառիս բուն իմաստով թուրքերի։ 1915 թվականին թուրքերը հայ ժողովրդին ցեղասպանում էին նաև քրդերի միջոցով, իսկ այսօր թուրքերի հիմնական գործիքը ՔՊ-ն է։ Տարիներ անց քրդերը զղջացին ու ներողություն խնդրեցին հայ ժողովրդից, ՔՊ-ն երբեք չի զղջա ու երբեք ներողություն չի խնդրի, քանի որ ի տարբերություն քրդերի, ՔՊ-ականների կռիվը սեփական երկրի ու ժողովրդի դեմ է, հանուն իրենց անփառունակ գոյության։
Քաղաքականությունը գիտություն է, որը նույնպես ունի իր հստակ կանոնները, և որոնք գործում են անշեղորեն։ Քաղաքական այն միավորը, որը պետք է լիներ քաղաքական աղբանոցում, իսկ նրա դերակատարները՝ դատարանում, բայց շարունակում է մնալ իշխանության, ապա անխուսափելիորեն պետք է ծառայի այն պետությանը, որի առաջ ծնկի է եկել։ Ընդ որում, բոլոր հրահանգները պետք է կատարվեն անվերապահորեն ու առանց քննարկման։
Սա պարզ քաղաքական հաշվարկ է, քանի որ միայն պարտված ուժն է, որը կիրականացնի թուրք-ադրբեջանական քաղաքական շահը Հայաստանում։ Իհարկե այդ ընթացքում թիկունքում ունենալով Էրդողանի ու Ալիևի աջակցությունը, Նիկոլ Փաշինյանը շարունակելու է իր հարձակումները հայոց պետականության, ազգային արժեքների, Հայ Առաքելական Եկեղեցու, Հայ ժողովրդի պատմության, խորհրդանիշների ու առհասարակ այն ամենի վրա, ինչը ազգի ու պետության հենասյուներն են։ Կրկին հաշվարկը շատ պարզ է, Փաշինյանը պետք է հանրությանը ներշնչի, որ առ այս պահը նրա դավանած բոլոր արժեքները կեղծ են եղել ու միայն այդպես կկարողանա մեղմել սեփական դավաճանությունն ու ազգուրացությունը, քողարկել քուրք-ադրբեջանական տանդեմին ստրուկի պես ծառայելու հանգամանքը։
Եվ իզուր չէ, որ Փաշինյանը պարբերաբար արժանանում է Էրդողանի գովեստներին ու գնահատականներին։ Թող որևէ մեկի մոտ չստեղծվի խաբկանք, որ եթե Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ Հայաստանին մեղադրում է այս կամ այն գործընթացը խոչընդոտելու մեջ, իրականում դա այդպես է։ Ո’չ, Նիկոլ Փաշինյանը հնազանդորեն կատարում է նաև Ալիևի թելադրանքները, իսկ ադրբեջանական մեղադրանքները ուղղված են զուտ «խաղաղության համաձայնագրի» ստորագումը հետաձգելուն։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա բոլոր գործողություններն ունեն այդ ելակետը, սակայն միայն դրա գիտակցումն ու փաստումը դեռ ոչինչ չի նշանակում, այն միայն արձանագրումն է մի բանի, որը բոլորին է պարզ, իսկ զուտ փաստի արձանագրումը դեռևս իրավիճակի փոփոխություն չէ։
Շատերին սխալմամբ թվում է, որ եթե մի բանը մի անգամ ասվել է, այլևս դրա մասին խոսելու կարիք չկա ու մտավախություն ունեն, որ կրկնությամբ կարող են հոգնեցնել մարդկանց։ Սա քաղաքական մեծագույն սխալ է, իրականում նույն բանը պետք է ասել այնքան ժամանակ, քանի դեռ չի գրանցվել ցանկալի արդյունքը։
Ուստի հերթական ու ցավոք ոչ վերջին անգամ պետք է փաստել, որ ոչ մի վիրավորանք Նիկոլ Փաշինյանի հասցեին, նրա գործողությունների ու քայլերի ոչ մի արձանագրում չի տալու որևէ արդյունք, եթե այդ ամենին չեն հետևում գործողություններ, իսկ գործողությունները պետք է լինեն քաղաքականապես հաշվարկված, գրագետ առաջնորդությամբ, նպատակասլաց, բոլոր ճակատներով պայքարը Փաշինյանի դեմ։ Այո’, հենց դեմ։ Պետք չէ տրվել բառախաղերի ու անմիտ հայտարարություններ անել, որ մենք գործում ենք ոչ թե «դեմ», այլ «հանուն» սկզբունքով։ Տվյալ պահին պայքարը պետք է լինի միայն Նիկոլ Փաշինյանը դեմ, որովհետև քանի դեռ նա գտնվում է իշխանության ղեկին, ոչ մի «հանուն»-ի գաղափար գործնականում չի կարող գոյություն ունենալ։
Կարեն Կարապետյան