Հուլիսի 30-ից Ռուսաստանի Դաշնություն մեկնողները պետք է հատուկ հարցաշար լրացնեն, դրա դիմաց QR կոդ ստանան, որ կարողանան մուտք գործել ՌԴ։ Այս ժամկետը մեկ ամսով արդեն երկարացվել է, քանի որ ներդրված համակարգը տեխնիկակական խնդիրներ ունի՝ «կախում է», և չի ստացվում գրանցվել այնտեղ։
ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի փոփոխությունները միտված են ապօրինի միգրացիոն ռիսկերը կարգավորելուն և ներկայացրեց աշխարհի փորձը այս առումով։
«Միգրացիոն ճգնաժամեր աշխարհում գրանցվում են հիմնականում վերջին տասը տարիների ընթացքում։ Առաջին ճգնաժամի հետ առնչվել է Եվրոպան։ Եվրոպական, մասնավորապես՝ ԵՄ անդամ պետություններ, Շենգեն գոտի, այս կարգավորումներից բխելով և՛ ապաստանի համակարգն է շատ չարաշահվել, և՛ վիզային ռեժիմն է չարաշահվել աշխարհում, ուստի, հետզհետե, մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր պետություններում որոշակի գործիքակազմեր որդեգրվում, որպեսզի կարգավորվեն միգրացիոն հոսքերը։ Պետությունները սկսել են անօրինական միգրացիոն հոսքերի դեմ պայքարելիս անհամաչափ ռեսուրսներ ծախսել»,- ասաց Նելլի Դավթյանը՝ նշելով, որ մենք տեսնում ենք նաև, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում Թրամփի ընտրվելուց հետո։
Նույն եղանակով նաև Ռուսաստանի Դաշնությունն է տարեց տարի տարբեր խոստացնող գործիքակազմեր որդեգրում, և, ըստ տիկին Դավթյանի, ՌԴ համար աշխատանքային միգրացիոն հոսքերի ծավալներն ու չարաշահումներն են դարձել մարտահրավեր և, ընդհւոպ մինչև գեոլոկացիա ֆիքսելու և խստացված վարչարարություն կիրառելու եղանակով փորձում են այս ամենը կարգավորել։
Նա նաև հիշեցրեց, որ հոկտեմբերից Եվրոպան թողարկելու է մի հավելված՝ Travel Europe, որտեղ ճամփորդությունից 72 ժամ առաջ պետք է անձը լրացնի իր պլանավորած ճամփորդության հետ կապված բոլոր մանրամասները։
«Այդ բոլոր դաշտերը լրացնելը տևելու է մոտավորապես 30 րոպե, և նմանօրինակ մոտեցում է կիրառում նաև Ռուսաստանը։ Իմ տեղեկություններով՝ նախատեսված էր հուլիսի 1-ից գործարկել նմանօրինակ բջջային հավելված, բայց, ոչ պաշտոնական տվյալներով, տեխնիկական խնդիրների պատճառով մեկ ամսով հետաձգվել է այդ բջջային հավելվածի թողարկումը»,- ասաց Նելլի Դավթյանը։
Վահե Մակարյան