Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Սատանան ժամանակին հրեշտակ էր, ուզեց Աստծուն հավասար լինել ու ընկավ փառքի աթոռից

Blog Image

Հպարտ մարդկանց ծայրագույն մեղքը այն էր, որ նրանք իրենք իրենց աստվածներ են կարծում և փորձում են նստել Աստծու Աթոռին: Սատանան ժամանակին հրեշտակ էր, բայց գոհ չմնալով իրեն տրված պատիվներից՝ ուզեց Աստծուն հավասար լինել ու ընկավ փառքի աթոռից:

Այսօր 21-րդ դարում հիվանդագին մի վիճակ է տիրում մեր շուրջը: Մարդիկ ուղղակի տառապում են «մեծության» և  «ինքնահավանության» մոլուցքից: Դժվար է հասցնել այդպիսիններին, որ ամեն մարդ գնահատվում է իր արժեքների ու շնորհքների համաձայն:

Հին Հունաստանում ապրող մի ոմն իմաստուն ոսպ (աղքատի կերակուր) էր ուտում ծառի տակ: Նրան է մոտենում մի  մեծահարուստև հպարտ մի պալատական հռետոր ու ծաղրանքով խրատում.

-Ո՜վ իմաստուն մարդ, եթե դու քո խելացիրությանդ հետ մի քիչ էլ շողոքորթություն  ու հպարտություն ունենայիր և կարողանայիր կեղծավորություն անել, ապա այժմ պալատում փառահեղ ճաշ կուտեիր:
Իմաստունը անվրդով պատասխանում է.
-Իսկ դու, ո՜վ ստախոս, եթե ոսպով բավարարվեիր, կարիք չէիր ունենա կեղծավորություն անելու և ստորանալու մեծերի առջև:

 

Համեստ մարդուն երջանիկ ապրելու համար բավական է աշխարհի մի խաղաղ անկյուն, սիրելի անձերով շրջապատված մի պատառ հացն ու հոգու խաղաղությունը:

Այսօր, մենք ապրում ենք հենց այս պահին գտնվող «հենց այնպես» մթնոլորտում, որտեղ միտքը ոչինչ է, իսկ էժանագին «գաղափարները» դարձել են թելադրվող, այս կամ այն քաղաքական շրջանակների կողմից։ Որտեղ ոչ ոք չի կարողանում ազնվորեն խոսել մարդկանց հետ։ Եվ ստացվում է, որ բոլորն են խաբում մարդկանց, իսկ դա այդքան էլ ճիշտ չէ։ Որտեղ ո՛չ ներքին խաղաղություն կա, ո՛չ մեկը մյուսին կարողանում է հանդուրժել։ 

 

Աստված նախընտրում է խոնարհ մարդկանց: Սուրբ Կույս Մարիամը Աստվածածին լինելու պատվին արժանացավ խոնարհ և հնազանդ լինելու պատճառով. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Մեր Տերը պալատների արժանի էր, սակայն ծնվեց մսուրի մեջ: Թագավոր էր և ավանակի վրայ  նստեց ու անուսում ձկնորս մարդկանց հրավիրեց Իրեն աշակերտ և առաքյալ լինել: «Ես աղքատներին ու մեղավորներին քարոզելու եմ եկել»,-ասաց Նա: Այս բոլորից հետո, որևէ մեկը իրավամբ կարող է հարցնել. «Իսկ ովքե՞ր են խոնարհները»: Առակաց գրքի համաձայն, խոնարհ մարդիկ լինում են՝ «արդար, բարերար, հեզ, ուղիղ, երկյուղած, պարկեշտ, անարատ» և նույնիսկ՝ իմաստուն ու խորագետ: «Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն»:/Մատթ. 5:5/,- ասում է Հիսուս իր «Լեռան քարոզում»: Հոբ Երանելին խոնարհ և համեստ մարդ էր, ինչպես նաև Բարի Սամարացին: 

 

 

Խոնարհությունը անզորության և վախկոտոթյան նշան չէ, ինչպէս սխալմամբ կարծում են որոշ մարդիկ, ու ոչ էլ մարմնավոր և կամ մտային հիվանդություն: Նա օրհնություն է, առաքինություն և շնորհք է: 

 

12-րդ դարի վարդապետներից Սարգիս Շնորհալին այսպես է արտահայտվում.
«Մոտեցե՛ք Աստծուն և Նա կմոտենա ձեզ» Հակոբ 4:8:
«Խոհեմությունը միմյանցից անսահման հեռավորությամբ բաժանված բնությունները միավորեց, քանի որ չկա մի այնպիսի վայր, ուր  Աստված ներկա չլինի, բացի ամբարտավան հոգուց: Որքան հեռու է արևելքն արևմուտքից, բյուրապատիկ ավելի հեռու Աստված ամբարտավան հոգուց, սակայն երբ վերջինս կտրում-դեն է գցում չար արմատը և խոնարհվում, իսկույն Աստծուն է մոտենում»:
«Դու որպես մարդ ես խոնարհվում՝ քո մեղքերի ու չարության պատճառով, իսկ Նա քեզ իբրև Աստված է բարձրացնում՝ Իր մարդասիրությունից ու ողորմությունից մղված» /Սարգիս Վարդապետ Շնորհալի, «Խրատանի Ա.» Սուրբ Էջմիածին, 2002։

 

Ամեն մարդ պետք է լավ ճանաչի իր անձը, որպեսզի իմանա իր բարի հատկությունները, վստահի իրեն և հաջողություն ունենա կյանքում...

«Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը գրավում է Արևելքի երկրները և գերում բազմաթիվ թագավորների: Հպարտանում է ու կարծում է, թե ինքը Աստված է: Այդ նպատակով պատրաստել է տալիս իր ոսկյա արձանը և հրամայում բոլոր մեծամեծներին  ու գերի թագավորներին, որպեսզի իրեն երկրպագեն: Այս տեսնելով՝ Աստված մեծ պատիժ է տալիս Նաբուգոդոնոսոր արքային: Նա խենթանում է, թողնում իր թագավորական աթոռը ու գնում է անապատ  և ապրում գազանների հետ: Որոշ ժամանակ հետո, անդրադառնում է, որ ինքը պարզ մարդ է և իր տարած հաղթանակները եղել են Աստծու շնորհիվ ու ինքը  պարտական է Նրան. զղջում է, թողություն խնդրում իր սխալի համար և բոլորի մոտ հաստատում է Աստծու զորությունն ու սրբությունը: Աստված տեսնելով նրա դարձը, կրկին վերադարձնում է նրա աթոռն ու նախկին պատիվը»:

Արթուր Հայրապետյան

Send