«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն՝ բարեգործ, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվարկների արդյունք է։ Մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քայլով ձգտում է ուժեղացնել իր ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսի «հրաժարականին»։
Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ իշխող քաղաքական թիմում արդեն տրվել են համապատասխան հրահանգներ ՔՊ-ական պատգամավորներին ու հանրային հաղորդակցման պատասխանատուներին։ Նրանց հորդորվել է պատրաստ լինել՝ սկսելու ակտիվ քարոզարշավ Սամվել Կարապետյանի դեմ՝ ներկայացնելով նրան որպես «նախկինների կողմնակից» եւ հատկապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող գործիչ։
Սամվել Կարապետյանը, որը վերջին ամիսներին հանդես է եկել Եկեղեցու շահերի պաշտպանության դիրքերից, ներկայումս, ըստ ոմանց, դիտարկվում է որպես գաղափարական ու հասարակական հենասյուն՝ ընդդիմադիր տրամադրությունների համար։
Միաժամանակ իշխող թիմի ներսում դիտարկվում է նաեւ այս պատմության օգտագործումը՝ ներսից փշրելու հնարավոր լայն կոնսոլիդացիան՝ եկեղեցու, սփյուռքի ու ներհայաստանյան որոշ շրջանակների միջեւ։
Ինչպես ասում են՝ ուշագրավ զարգացումները դեռ նոր են սկսվում»։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Ստամբուլ: Այցն աշխատանքային է, այլ մանրամասներ կողմերը չեն հայտնել մինչ օրս։ Խորհրդարանում էլ մեր հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց հանդիպման օրակարգը՝ նշելով, որ օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ «Հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, դրա կետերը նախապես հրապարակել չի նախատեսվում»,-ասաց նա։
Նախօրեին Թուրքիա է մեկնել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ալթունը հայտարարել է, որ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։ Փաշինյանի աշխատակազմից էլ երեկ շտապեցին հայտարարել, որ Թուրքիայում Փաշինյան-Ալիեւ հանդիպում նախատեսված չէ։
Այդուհանդերձ, Հայաստանի քաղաքական-փորձագիտական շրջանակներում մի քանի օր է քննարկում են դիվանագիտական շրջանակներից սպրդած տեղեկություններն առ այն, որ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը, ավելին՝ ըստ այդ տեղեկատվության՝ Փաշինյանի եւ Էրդողանի միջեւ դրա վերաբերյալ նաեւ ինչ որ փաստաթուղթ կամ հայտարարություն է նախաստորագրվելու, որում մատնանշվելու են տարածքաշրջանում խաղաղությանը միտված քայլերի ու գործողությունների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։ Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ընդունելու է Թուրքիայի միջնորդությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ այդ պետությանը մեխանիկորեն հռչակելու է տարածաշրջանում անվտանգության երաշխավոր, կամ` «ասող»։
Իսկ բուն պայմանագիրը հնարավոր է ստորագրվի աշնանը՝ բոլորովին այլ վայրում։ Նախաստորագրվող փաստաթղթում մի քանի կետեր են լինելու, որոնց թվում, այսպես կոչված, ռեւանշիստական օջախների բացառումը, ինչով պայմանավորված էլ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, հոգեւոր դասին, որը քաղաքական իշխանությունից տրամագծորեն հակառակ դիրքորոշումն ունի Արցախի հարցում եւ Վեհափառը շաբաթներ առաջ, Շվեյցարիայում մասնակցելով «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը ԼՂ-ում» խորագրով միջազգային համաժողովին, ջախջախիչ ելույթ ունեցավ՝ սկիզբ դնելով իր եւ եկեղեցու դեմ հետապնդումներին։
Իհարկե, ընդդիմադիր շրջանակներն էլ են թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից համարվում ռեւանշիստներ, սակայն Եկեղեցու դերն ու նշանակությունը սփյուռքում, վարկանիշը էականորեն տարբերվում է մյուսներից։ Գաղտնիք չէ,որ Թուրքիայի արտաքին դոկտրինում հայ Առաքելական եկեղեցին թշնամական թիրախ է՝ ազգը միավորելու, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր դերի շնորհիվ։
Ի դեպ, ամիսներ առաջ գրել ենք, որ խաղաղության պայմանագրի դրույթներից մեկն էլ այն է, որ կողմերը պետք է իրենց պետության ներսում մյուս կողմի նկատմամբ սեպարատիստական հայտարարություններ անող խմբերի դեմ պայքարեն. ենթադրվում է, որ սրա նպատակն էլ այն է, որ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններ, անհատներ չլինեն՝ Ալիեւին եւ Ադրբեջանին քննադատող, Արցախի վերադարձի մասին բարձրաձայնող, ինչը հիմա իրենք ընդունում են իբրեւ տարածքային նկրտումներ իրեն պետության նկատմամբ։
Նախաստորագրվող պայմանագրի կետերից կամ խաղաղության պայմանագրի ստորագրման, այսպես կոչված, նախապայմաններից մեկն էլ այն է, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այսինքն, կողմերը պարտավորվում են երրորդ պետության ռազմական ներկայությունը բացառել իրենց երկրի ներսում, քանի որ գնում են խաղաղության։ Նաեւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը կրկին սկսել է խոսել «Ֆորպոստի» եւ «ֆորպոստի» կարգավիճակից դուրս գալու մասին:
Հաջորդ նախապայմանը Ալիեւի այդքան երազած միջանցքն է, որը անվանելու են ճանապարհ եւ թղթի վրա գրելու են, որ դրա վերահսկողությունն իրականացնելու են կողմերը՝ Հայաստանն իր տարածքում, Ադրբեջանն՝ իր։ Այս բոլոր նախապայմանները Փաշինյանի կողմից ընդունվելու դեպքում Ալիեւը խոստանում է հետաձգել ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջի կատարումը: Ըստ էության, դա արդեն կարեւոր էլ չի լինի, որովհետեւ հիմնական նպատակին հասած կլինի:
Այդուհանդերձ, քաղաքական շրջանակներում ամենավտանգավորը համարում են այն, որ Փաշինյանն այսօր կընդունի Թուրքիայի միջնորդության կամ տարածաշրջանում առաջնորդության հանգամանքը, եւ անգամ կարեւոր էլ չէ, թե այդ փաստաթղթում ինչ է գրված լինելու, իսկ դա նշանակում է, որ Թուրքիան է դառնալու մեր, այսպես կոչված, անվտանգության երաշխավորը՝ դրանից բխող հետեւանքներով, զբաղեցնելով Ռուսաստանին դուրս մղելու արդյունքում առաջացած «թափուր» տեղը։ Այսինքն, երբ արեւմտամետներին ասում էին, որ մեր երկրի կողմնորոշման հարցում ընտրությունը ոչ թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի, այլ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ է, ամբողջությամբ իրականություն դարձավ:
Ի դեպ, երեկ նաեւ լուրեր տարածվեցին, որ Էրդողանը Փաշինյանին ընդունելու է ոչ թե իր կեցավայրում, ինչպես անում է սովորաբար մնացյալ հյուրերի դեպքում, այլ Դոլմաբահչե պալատում, որը նույնպես Ստամբուլում է։ Պալատը կառուցվել է 1842-1853 թթ. Աբդուլ-Մեջիթ 1-ին սուլթանի համար՝ հայ ճարտարապետի նախագծմամբ: Պալատի շինարարությունը սկսել է Կարապետ Ամիր Բալյանը և շարունակել է որդին՝ Գաբրիելը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Թուրքիայի նախագահին, նրանից գիրք էր նվեր ստացել և այդ գիրքը կրծքին սեղմած՝ լայն ժպիտով լուսանկարվել էր Էրդողանի հետ։ Դրանից հետո այս տարվա մայիսին Փաշինյանն Էրդողանի հետ կարճ հանդիպում էր ունեցել Ալբանիայում՝ Տիրանայում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը» շարքը: Այս խորագրի ներքո պարբերաբար հրապարակում ենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում ներգրավված պաշտոնյաների անունները: Մարդիկ, ովքեր իրենց պաշտոնը ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու, նրա քաղաքական քմահաճույքները կատարելու համար:
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրահանգով 2 ամսով կալանավորվեց գործարար-բարերար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։
Իսկ ով է նրա գործով հսկող դատախազը, որը քննիչների հետ կալանքի միջնորդության օրը գնացել էր դատարան։
Պարզվում է՝ գործը հսկող դատախազը Արամ Դոլինյանն է, ում 2023 թվականին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից ազատել էր ու նշանակել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնում:
Ավելին՝ Դոլինյանը Արմեն Աշոտյանի գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազն է։
Նկատենք, որ Արամ Դոլինյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության օրը անձամբ դատարան է գնացել։ Թեեւ օրենքը չի արգելում, որ կալանքի միջնորդությունների ժամանակ դատախազները դատարան գնան, բայց սովորաբար դատախազներ չեն գնում. միայն բացառիկ դեպքերում։ Եվ ահա, Դոլինյանը որոշել էր գնալ դատարան: Կարապետյանի փաստաբանները չէին բացառել, որ դա, գուցե, արվել է դատարանին ճնշելու նպատակով։
Հիշեցնենք, որ Կարապետյանի գործով քննիչն էլ արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գեւորգյանն է»։