Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել բետոնե ջրատար խողովակի մոտ:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարութան փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտոգործելով հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։