Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Քաղաքականություն

Դատախազության հերթական աբսուրդը. Գեղամ Մանուկյանի` ՔԿ-ի դեմ ներկայացրած հաղորդումը ուղարկվել է նորից ՔԿ

Blog Image

Դատախազության հերթական աբսուրդը. Գեղամ Մանուկյանի` ՔԿ-ի դեմ ներկայացրած հաղորդումը ուղարկել է նորից ՔԿ Քննչական կոմիտեն ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը 21 օր ապօրինի իրենց մոտ պահելուց հետո այսօր վերջապես վերադարձրել են այն տիրոջը։

Մանուկյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ քննիչները որևէ մի բացատրություն չեն տվել, թե ինչու էին ապօրինի առգրավել իր հեռախոսը, երբ մտել էին իրենց տուն խուզարկության, անգամ ներողություն չեն խնդրել պատճառված անհարմարության համար։ Քննչականի առերևույթ ապօրինությունների հարցով պատգամավորը դիմել է նաև դատախազություն, բայց այստեղից էլ մինչ օրս արձագանք չկա։

«Ես դիմել եմ դատախազություն՝ երկու տարբեր հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով։ Առաջինը` պատգամավորական անձեռնմխելիությունից ելնելով, որ առանց դատարանի որոշման ու առանց Ազգային ժողովի համաձայնության ուղղակի գողացել են իմ բնակարանից իմ հեռախոսը, և երկրորդը՝ այդ հեռախոսի գողության և Քննչական կոմիտեում տևական ժամանակ մնալու հետևանքով ես զրկված էի լիարժեք պատգամավորական գործունեություն իրականացնելու հնարավորությունից, որովհետև այն սոցիալական մեդիայի էջերը, որոնցով ես հանդես եմ գալիս, դրանք կցված էին իմ հեռախոսին, և առանց դրա չէի կարող մուտք գործել այդ էջեր»,-ասաց Մանուկյանը։

Մեր հարցին՝ այնպիսի բան կարո՞ղ էին գտնել իր հեռախոսից, որոնք կարող էին վտանգավոր լինել իր համար, Մանուկյանն ասաց․ «Կարծում եմ՝ եթե գտած լինեին, կգտնեին այն բոլոր իմ ապրումները, զգացումներն ու մտածումները, որ ունեմ այս իշխանության նկատմամբ»։ Հետաքրքրվեցինք նաև՝ հնարավո՞ր է, որ իր հեռախոսի մեջ գաղտնալսող սարք կամ ծրագիր ներդրած լինեն, ընդդիմադիր պատգամավորը դժվարացավ միանշանակ պատասխան տալ՝ չշտապելով դրա վերաբերյալ ինչ-որ կասկածներ հայտնել։

Մենք դիմեցինք նաև գլխավոր դատախազություն՝ հասկանալու, թե ստացե՞լ են, արդյոք, պատգամավոր Գեղամ Մանուկյանի ներկայացրած հաղորդումները և ի՞նչ քայլեր են հետևել դրան կամ ինչո՞ւ մինչ այս պահը որևէ արձագանք չկա, ինչպես նշել էր պատգամավորը։ Դատախազությունից ասացին, որ հաղորդման հետագա ընթացքը լուծելու նպատակով այն ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմին, այսինքն` Քննչական կոմիտե: Սա, մեղմ ասած, աբսուրդ է, որովհետև Գեղամ Մանուկյանը հենց Քննչական կոմիտեի կողմից ենթադրյալ հանցագործության մասին է հաղորդում ներկայացրել դատախազություն, հիմա դատախազը նույն գործը ուղարկում է ՔԿ, որ ինքն իրեն քննի ու մեղադրի: Նշենք, որ այսպիսի աբսուրդի հասնող գործելաոճը վաղուց է հատուկ դատախազությանը, առաջին դեպքը չէ, որ գլխավոր դատախազությունն այսպիսի անհեթեթ որոշումներ է կայացնում:

Վահե Մակարյան

Send