Երկու տարուց ավելի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Փաշինյանի որոշմամբ ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Թե ինչու հենց այս փուլում որոշվեց նրան հեռացնել, որևէ կերպ չի հիմնավորվում։
Հանրության համար անհասկանալի է, թե ինչու Փաշինյանն ազատվեց մարդուց, որն ըստ ընդդիմության հենց իր հրամաններն էր կատարում, արդարացնում ոստիկանության կողմից իրականացվող ցանկացած բռնության դեպք։ Ավելին, ըստ մամուլի, Հովհաննիսյանը դարձել էր Փաշինյանի աչքի լույսը, երբ չէր հրաժարվել Եռաբլուրում որդեկորույս մայրերին քարշ տալով բերման ենթարկելու հրահանգը կատարելուց։
Պաշտոնական հիմնավորում չկա, թեև ըստ մամուլի, Հովհաննիսյանին հեռացնելու բազմաթիվ պատճառներ կային։ Դրանցից առաջինը հանցավորության և թմրամիջոցների, ապօրինի զենքի շրջանառության աճն է։ Բայց ավելի լուրջ պատճառ էլ կա․ «Հրապարակը» գրում է, թե Հովհաննիսյանին հեռացրին, քանի որ նա հունիսի 1-ին պատշաճ չէր կազմակերպել միջպետական մայրուղու Սևանի ճանապարհը «փակելու» գործը: Հիշեցնենք, որ Փաշինյանի 50-ամյակը նշել են Սևանի կառավարական ամառանոցում: Ասում են, թե շատ է ջանք դրել` շուտ է փակել ճանապարհը, և երբ Փաշինյանն անցել է կորտեժով, սպասող վարորդները տևական ազդանշաններով «ողջունել» են նրան։
Բացի այդ, վերջին շրջանում շատ գրվեց, որ Հովհաննիսյանը հավանական ներգրավվածություն ունի տարբեր կոռուպցիոն սխեմաներում։ Բանն այն է, որ պաշտոնավարման երկու և կես տարիներին Հովհաննիսյանը բավականին ընդլայնել է ընտանեկան բիզնեսը։ Ըստ «Հետք»-ի՝ նրա որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, զավթել մայրաքաղաքի հողամասեր, այդտեղ ապօրինի շինարարություն արել, հետո օրինականացրել տարածքը:
Ինչևէ, մամուլի հրապարակումները մի կողմ թողնելով, ներկայացնենք Արամ Հովհաննիսյանի կենսագրությունը։
35 տարի ուժային համակարգում աշխատած 58-ամյա Արամ Հովհաննիսյանն անցած տարի անձամբ էր ղեկավարում ընդդիմադիրների բողոքի ակցիաների ժամանակ ստորադասների գործողությունները, նրա աչքի առաջ էին ընդդիմադիրներին բերման ենթարկում՝ վնասվածքներ պատճառելով, փողոց փակող ցուցարարներին էլ «լակոտ» էր անվանել։
Նրա օրոք նաև նախորդ տարվա հունիսի 12-ին մայրաքաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց: 57 քաղաքացու, այդ թվում՝ ոստիկանների մոտ ախտորոշվել էին բեկորային վնասվածքներ: Մինչ օրս էլ ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել են կասկածները, որ Հովհաննիսյանի ղեկավարությամբ ցույցը ցրեցին այդ ժամանակ արգելված տեսակի՝ «Զարյա 3» նռնակներով:
Այժմ նրան փոխարինելու է Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Ղազարյանը։
Արամ Ղազարյանը մինչ մարզպետ նշանակվելը 20 տարի աշխատել է իրավապահ համակարգում՝ ոստիկանության մարզային վարչություններում բարձր պաշտոններ է զբաղեցրել: 2024-ի հունվարին նշանակվելով Լոռու մարզպետ՝ համալրեց իշխող ուժի շարքերը, բայց երեկվա հայտարարության մեջ գրել է, որ դուրս է գալիս նաև կուսակցությունից։
Նարե Գնունի