Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սոցնախարարության աշխատակիցներն անհամբեր սպասում են նոր նախարարին

Blog Image

Մամուլում հերթական անգամ տեղեկություններ էին տարածվել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հնարավոր է, շուտով ազատվի զբաղեցրած պաշտոնից և նշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն։ Այս մասին ամիսներ շարունակ գրել է նաև MediaHub-ը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ կուսակցական գործերով Նարեկ Մկրտչյանը շատ հաճախ է մեկնում ԱՄՆ:

Նշվում էր, որ Մկրտչյանի փոխարեն նախարար կնշանակվի Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը, որին չհաջողվեց ընտրությունների արդյունքներով դառնալ Գյումրու քաղաքապետ։ Սարիկ Մինասյանը MediaHub-ի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունները: Ավելին՝ նախօրեին էլ գրվեց, թե ՀԷՑ կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանի համար այլ պաշտոն է նախատեսել հենց Շիրակի մարզում, սակայն այս պահի դրությամբ դեռ որևէ նշանակում ոչ մի տեղ չի եղել:

Ու թեև դեռ որևէ հստակություն չկա առհասարակ այն մասով, թե Նարեկ Մկրտչյանը իսկապե՞ս լքում է պաշտոնը ու տեղափոխվում ԱՄՆ, սակայն, MediaHub-ի նախարարության մեր աղբյուրը հայտնեց, որ գերատեսչությունում աշխատակիցները անհանգիստ վիճակում են և սպասում են նոր նախարարի նշանակման։ Նրանց անհանգստությունն էլ պայմանավորված է սպասվող փոփոխությամբ՝ ո՞վ կփոխարինի Նարեկ Մկրտչյանին, ինչպիսի՞ն կլինի, արդյո՞ք ծանոթ կլինի ոլորտին, ներսի մարդ կլինի, թե՞ դրսից կբերեն, ասենք, նույն Սարիկ Մինասյանին և այլն: 

Մեր զրուցակցի խոսքով՝ նախարարությունում մեծամասնությունն այն կարծիքին է, որ նախարար կդառնա հենց Սարիկ Մինասյանը։ Հատկապես, որ նա ոլորտին ծանոթ է՝ 2018թ-ի մարտին նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ:

Մեր աղբյուրը նաև նշեց, որ նախարարի փոփոխության լուրերը վաղուց են շրջանառվում նաև ներսում, աշխատակիցներին հասկացրել են դեռ հոկտեմբերից, որ Մկրտչյանը մեկնում է ԱՄՆ անվերադարձ:

Մարիաննա Արամյան

Send