Եվրոպական Միությունը հոկտեմբերի 12-ից կներդնի համաեվրոպական սահմանային անցման համակարգ, գրել են ԶԼՄ-ները։
Եվրոպան խստացնում է սահմանների վերահսկողությունը. օդանավակայաններում սկսվում է մատնահետքեր վերցնելու և դեմքի պատկերներ գրանցելու լայնածավալ նախագիծ։
Համակարգը հիմնականում ուղղված է կեղծ անձնագրեր ունեցող անձանց, ինչպես նաև նրանց նույնականացմանը, ովքեր գերազանցել են ԵՄ երկրներում իրենց բնակության թույլտվությամբ սահմանված մնալու ժամկետը։
EES (Entry/Exit System) եվրոպական սահմանային վերահսկողության նոր համակարգը մշակվում է ավելի քան տասը տարի, դրա ներդրումը բազմիցս հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով։
Այժմ նշանակվել է մեկնարկի կոնկրետ ամսաթիվ. հանձնաժողովի տվյալներով՝ դա կլինի հոկտեմբերի 12-ը։
Երրորդ երկրների քաղաքացիների մատնահետքերը, դեմքի պատկերները և սահմանային անցման տվյալները Շենգենյան գոտի առաջին մուտք գործելուց հետո կպահվեն համաեվրոպական ռեեստրում։ Եվրոպա ժամանող անձը կկարողանա սահմանը հատել սահմանային վերահսկողության ավտոմատի միջոցով՝ առանց անձնագրային տեսուչի հետ հանդիպելու անհրաժեշտության։ Անձնագրերի դրոշմանիշները լիովին կվերացվեն։
Սահմանվել է վեցամսյա անցումային շրջան, որի ընթացքում գործող սահմանային վերահսկողությունը կիրականացվի նոր համակարգին զուգահեռ։ Սկզբում նոր համակարգը, որը կարող է տարեկան մշակել 200-300 միլիոն սահմանային անցում, կներդրվի մի քանի սահմանային անցակետերում։