«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի իշխանությունները կարծես հետևողականություն են դրսևորում՝ սեփական ձեռքով ոչնչացնելու երկրի ներդրումային միջավայրը։ Հերթական անգամ թիրախում են հայտնվել կառուցապատողները՝ անշարժ գույքի շուկայում ակտիվ տնտեսվարողները, որոնք վերջին տարիներին դարձել են հազարավոր աշխատատեղերի, քաղաքաշինական զարգացման ու հարկային մուտքերի հիմնական աղբյուրներից մեկը։ Սակայն փոխանակ աջակցելու այս ոլորտին՝ իշխանությունները հերթական անգամ հարվածում են ամենաանարդար և հակաբիզնես մեխանիզմով. նրանք պահանջում են գույքահարկ վճարել շինարարության փուլում գտնվող, այսինքն՝ դեռևս չկառուցված ու չավարտված շենքերի համար, ինչը աբսուրդի ժանրից է։
Խոսքն այն շենքերի մասին է, որոնք չունեն ավարտական ակտ, այսինքն՝ որպես գույք գրանցված չեն։ Բայց իշխանությունները, հենվելով վիճելի ու հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների վրա, սկսել են հարկեր պահանջել նաև այդ շենքերից, այսինքն՝ փաստացի ոչնչից՝ հիմնվելով արհեստական մեխանիզմների վրա։ Ստացվում է՝ կառուցապատողը դեռևս չի ավարտել շենքի շինարարությունը, բայց իշխանությունները արդեն հաշվարկում են, թե իբր այն 100 % պատրաստ է, և պահանջում են համապատասխան գույքահարկ վճարել։
Մասնագետների հավաստմամբ, այս քաղաքականությունը բազում վտանգներ է պարունակում իր մեջ։ Նախ՝ այն ունի հետադարձ ուժ, ինչը հակասում է տնտեսական կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքներին։ Այսինքն, երբ բիզնեսը ներդրում է արել տարիներ առաջ՝ գործող օրենսդրության պայմաններում, այժմ պետությունը խաղի մեջ է մտցնում նոր կանոններ և դրանք տարածում նաև անցյալում մեկնարկած ծրագրերի վրա։ Սա ոչ միայն անարդար է, այլ նաև անմիջական հարված է հասցնում վստահությանը պետության ու բիզնեսի միջև։
Երկրորդ՝ կիրառվող ֆինանսական բեռը երկակի է։ Կառուցապատողներն արդեն վճարում են հսկայական տեղական տուրքեր շինարարության թույլտվությունների երկարաձգման համար։ Հիմա իշխանությունները նրանց պարտադրում են նաև գույքահարկ վճարել այն գույքի համար, որը դեռևս կառուցված չէ։ Դա արդեն խախտում է ողջամտության սահմանները։
Երրորդ՝ սա ուղիղ ճանապարհ է սնանկության, անավարտ շինարարությունների և հազարավոր ընտանիքների հիասթափության։ Եթե կառուցապատողը չի կարողանում վճարել նոր առաջացած գույքահարկը, նա չի կարող երկարաձգել շինթույլտվության ժամկետը։ Տուժում է ոչ միայն բիզնեսը, այլ նաև շարքային քաղաքացին, ով վարկով գնել է ապագա տունը, և տուժում է նաև պետությունը՝ հարկերի հավաքագրումը դառնում է անհույս։
Նման մոտեցումը ոչ միայն անօրինական է, այլև ոչ բարոյական։ Մինչև վերջերս իշխանություններն էին խուսափում երկարաժամկետ շինթույլտվություններ տալուց՝ ստիպելով կառուցապատողներին կարճ ժամկետներ ընդունել՝ հետագայում անվճար երկարաձգելու խոստումով։ Այժմ, նույն այդ երկարաձգման համար նրանք սկսեցին գանձել միլիոնավոր դոլարների տուրքեր։ Եվ հիմա, չբավարարվելով այդքանով, նաև գույքահարկ են պարտադրում, ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում։
Այս ամենը միասին արդեն քաղաքական որոշում է, որի թիրախը ոչ միայն կառուցապատողներն են, այլ ազատ ու անկախ հայկական բիզնեսը՝ որպես երևույթ։ Սա մեսիջ է բոլոր ներդրողներին՝ տեղական թե արտասահմանյան, այն է՝ հանկարծ չգաք Հայաստան, այստեղ կարող են ցանկացած պահի փոխել կանոնները և հետադարձ ուժով իչիք դարձնել ձեր հաշվարկներն ու ծրագրերը։
Հա, ի դեպ, չմոռանանք, որ Հայաստանի քաղաքացին «տուգանքի մատերիալ չէ»:
«Հրապարակ» թերթը գրել է․
Իշխող թիմում կարծում են, որ Սամվել Կարապետյանը 2-ամսյա կալանքի լրանալուց առաջ կոմպրոմիսի կգնա իշխանության հետ` չի շարունակի խոստացած պայքարը, բանտից դուրս կգա եւ կվերադառնա Ռուսաստան։ ՔՊ «ստարիկներից» մեկը երեկ պատրաստ էր գրազ գալ կուսակցի հետ՝ սրա շուրջ, քանի որ «հարուստ մարդիկ ամենավախկոտն են, Սամվել Կարապետյանն արդեն ճաշակել է դժվարությունների», ինչպես Փաշինյանն է ասում` «պետության համը»։
Հավանաբար, Փաշինյանն է թիմին հանգստացրել՝ փորձելով փարատել շատերի մտահոգությունը։ Սակայն վերջին ռեպրեսիաներից ակնհայտ է, որ Փաշինյանի վախերն առասպելական չափերի են հասել, եւ նա ամենուր վտանգ է տեսնում, իշխանությունից զրկվելու տագնապն էլ վերածվել է պարանոյայի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը փակ ձեւաչափով իրավապահ մարմիններին հստակ ուղերձ է հղել. եթե կհաջողվի գտնել իրավական հիմքեր, որոնք կարող են հանգեցնել ՀՅԴ կուսակցության գործունեության արգելափակմանը Հայաստանում, ապա իշխանությունը ոչնչի առջեւ կանգ չի առնելու:
Կփակեն Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկը:
Սա խոսում է այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջական պայքարի է անցել ընդդեմ ՀՅԴ-ի՝ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական հարթությունում։
Անշուշտ, Փաշինյանի իշխանության գործելաոճը տարիներ շարունակ նույնն է եղել. նախ՝ հրապարակային մեղադրանք, ապա՝ ուղիղ SMS-հրահանգ իրավապահ կոնկրետ կառույցներին, եւ վերջում՝ քրեական հետապնդում։ Մյուս փուլերը հանրությանը արդեն ծանոթ են։
Բացահայտ վկայություն էր նաեւ ԱԺ վերջին ծեծկռտուքը, որը հրահրվեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո։ Դրան հաջորդած ՔՊ-ական բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էր նույն ուղերձը՝ ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի, 2008-ի մարտի 1-ի եւ 2020-ի նոյեմբերի 9-ի՝ Կառավարության վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներն են, որոնք, ըստ իշխանական վարկածի, այժմ էլ՝ 2024-ին կամ 2025-ին, «Սրբազան շարժման» անվան տակ ծրագրում են ահաբեկչություն՝ ներքաշելով նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։
Հաշվի առնելով գործելաոճը՝ սպասելի են քրեական նոր հետապնդումներ, նոր ձերբակալություններ, հնարավոր հարձակումներ ոչ միայն կաթողիկոսի, այլեւ այլ հոգեւորականների եւ ընդդիմադիր գործիչների վրա։
Սա կարող է դառնալ նախադեպ, երբ քաղաքական պայքարը վերածվում է ուղղակի ճնշման՝ պետական կառույցների լծակներով»։