Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար, ՔՊ պատգամավորը ոչ միայն ձկնգող է. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ կառավարության որոշ անդամների համար գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են գնում, Փաշինյանն ու իր ընտանիքն էլ շրջում են շարասյունով, պառլամենտական կառավարման համակարգ ունեցող պետությունում օրենսդիրները վիճակահանությամբ են ծառայողական ավտոմեքենաներից օգտվում: Ամիսներ առաջ, երբ Փաշինյանը ցուցադրաբար վերցրեց գերատեսչություններին ծառայող մեքենաների ցուցակը եւ գրիչով սկսեց ջնջել` կրճատել դրանք, իբր խնայողության նկատառումներից ելնելով, շատերը հումոր էին անում` քո եւ կնոջդ մեքենաները կրճատի:

Ավելի լուրջ վերլուծողներն ասում էին, որ այդ որոշման արդյունքում աշխատանքը կազմակերպելու խնդիրներ կառաջանան: Կրճատվեց նաեւ Ազգային ժողովի ծառայողական մեքենաների թիվը, եւ դրա արդյունքում ԱԺ մշտական հանձնաժողովներին ծառայող մեքենաները նվազեցին: Հիմա երկու հանձնաժողովի մեկ ծառայողական մեքենա է սպասարկում, մինչ այդ յուրաքանչյուրին 1 մեքենա էր հասնում։ Եվ որպեսզի հանձնաժողովները «ռազբորկաներ» չանեն, որոշել են, որ հերթով են օգտվելու ծառայողական մեքենայից:

Այսինքն, նույն մեքենան մի ամիս մի հանձնաժողովի նախագահին է տանում տուն, բերում աշխատանքի, մյուս ամիս` մյուս հանձնաժողովի նախագահին: ԱԺ առողջապահության հանձնաժողովի նորընտիր ղեկավար Հռիփսիմե Հունանյանը մեզ վստահեցրեց, որ դա մեծ խնդիր չէ` նախապես միմյանց հետ ճշտում են աշխատանքային գրաֆիկը եւ ըստ այդմ` օգտվում մեքենայից։

Իսկ եթե նույն օրը, նույն ժամին երկու հանձնաժողովներին պետք է մեքենան։ «Ես իմ անձնական մեքենայով եմ շրջում»: Իսկ եթե նույն միջոցառմանը հանձնաժողովի 2 նախագահ է հրավիրված, չինգաչո՞ւկ եք անում։ «Ոչ, երկուսս էլ նույն մեքենայով ենք գնում»։ Պարզեցինք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովը ծառայողական մեքենան «կիսում» է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հետ։

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս մեկ-մեկուկես տարի առաջ իր հարցազրույցներից մեկում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը կարծիք էր հայտնել, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է պահանջել իրենց հանձնել Արցախյան պատերազմի հիմնական դերակատարներին: Ավելին, գեներալը նաև նշել էր, թե չի բացառում, որ Հայաստանի իշխանությունները նաև այդ պահանջին համաձայնեն:

Եվ ահա, հոկտեմբերի 13-ին Բաքվի շինծու «դատական» նիստին հրապարակվել են ՀՀ զինված ուժերի գաղտնի փաստաթղթեր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամաններ, որոնցով մարտական խնդիրներ են դրվել Արցախի պաշտպանության բանակի առջև: Ի մասնավորի, հրապարակվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի 04.05.2016 թ. N 0119 գաղտնի հրամանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի 24.12.2016 թ. N 016 գաղտնի հրամանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի 24.09.2019 թ. N 0261 գաղտնի հրամանը, ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի 25.09.2020 թ. N 0671 գաղտնի հրամանը: Կան տեղեկություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է քրեական գործեր հարուցել նշյալ, ինչպես նաև այլ անձանց դեմ ու հայտարարել միջազգային հետախուզում:

Թե ինչպես կարձագանքի Հայաստանի իշխանությունը իրադարձությունների նման զարգացման դեպքում, դժվար է ասել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են գաղտնի փաստաթղթերը հայտնվել թշնամու ձեռքում, Արշակ Կարապետյանը կարծում է, որ «գաղտնի փաստաթղթերը թշնամուն կարող էր թողնել միայն դավաճանը»:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, իրավապահներն արդեն որոշակի գործողություններ են սկսել այս փաստի կապակցությամբ, թեկուզ լրատվամիջոցների հրապարակումներից հետո: Հուսանք՝ ընդհանուր առմամբ, բացի ընդդիմադիրների նկատմամբ «գործեր կարելուց», իրավապահները հետագայում իրենք էլ կհետևեն նման կարգի երևույթներին, մասնավորաբար Բաքվի շինծու «դատավարությանը»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««8 անգամ ներողություն կհայցեմ, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն», – «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ զրույցում հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորին եւ հանրությանը հարկ է համարում հիշեցնել առնվազն մեկ խոշոր բարերարություն, որն արել է «Տաշիր» ընկերությունը Գեղարքունիքի մարզում, ինչի մասին հայտնել է Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարգսյանը 3 տարի առաջ:

«Սոթք գյուղի՝ 2022 թվականի սեպտեմբերյան հրետակոծության հետեւանքների վերացման ծրագիրը ընթանում էր դեռեւս անցած տարվա նոյեմբեր ամսից. պետական միջոցներով վերականգնվել են հրետակոծության հետեւանքով վնասված ու մեր կողմից հաշվառված 142 բնակարաններն ամբողջությամբ, իսկ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով կառուցվել է 147 բնակարանի նոր տանիքներ։ Եկող տարվա ընթացքում կկառուցվեն եւ, պատրաստի վիճակում, հրետակոծությունից տուժած ընտանիքներին կհանձնվեն նաեւ նորակառույց այս բնակարանները»,- հայտնել է մարզպետը:

Բայց, սրանից բացի, «Տաշիր» ընկերությունը նաեւ բազմաթիվ տներ է կառուցել եւ նվիրել Սոթքի բնակիչներին: Անհնար է՝ սա չիմանար Նարեկ Գրիգորյանը, որը այդ օրերին Գեղարքունիքի փոխմարզպետն էր:

Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանը ինքնավնասումով բանակից փախած է, նախկինում զբաղվել է ձկնգողությամբ, իսկ հիմա իշխանական պատգամավոր է աշխատում` ժանրի կանոններով ակնհայտ ստեր խոսելով ու պոռոտախոսելով:

Այնպես որ, Նարեկ Գրիգորյանը պետք է ներողություն խնդրի»։

Send