Երկու օր է, ինչ պրոիշխանական որոշ քաղաքագետներ ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի նվնվոցները որակում են իբրև «ապտակ» Ալիևին, թե` «դու էդ քանի՞ գլխանի ես, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունից հետո շարունակում ես խոսել «Զանգեզուրի միջանցքից» ու Հայաստանի կապիտուլյացիայից։ Թե քանի գլխանի է Ադրբեջանի նախագահը, դա թող հուզի ադրբեջանցիներին, իսկ մենք, ցավոք, պետք է փաստենք, որ ՀՀ վարչապետն ընդհանրապես գլուխ չունի։ Ու այդ անգլուխ վիճակն էլ առաջացնում է անջրպետ իրականության ու ցանկության միջև։
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում տեղի ունեցածը համարում է համաշխարհային մասշտաբի գերկարևոր գործընթաց, ու նրան թվում է, որ այնտեղ արտաբերված յուրաքանչյուր բառն այնպիսի կրոնական նշանակություն է ձեռք բերել, որ դրանից շեղումն արդեն իսկ սրբապղծություն է, ու հիմա Թրամփը մատ թափ կտա Ալիևի վրա։ Այդպես, իհարկե, ցանկանում է մեր անգլուխ ղեկավարը, սակայն իրականությունն այն է, որ այնտեղ կողմերը ստացել են այն, ինչ ուզում էին, ու հիմա ինչ-որ մեկի նվնվոցները որևէ մեկին չեն հուզում։
Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու անհաջողություններից հետո Թրամփը, քանի որ իշխանության էր եկել «աշխարհին խաղաղություն» բերելու առաքելությամբ, ցանկանում էր կազմակերպել մի մեծ շոու, որպեսզի ապացուցի, որ ահա աշխարհում կա մի անկյուն, որտեղ ինքը հասավ խաղաղության։ Բացի այդ, հենց Իրանի սահմանին ուզում էր տարածք, որի նկատմամբ կունենա վերահսկողություն, որն էլ անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործել թե’ նույն Իրանի, թե’ Ռուսաստանի դեմ։
Մնացած անվանումները՝ «Թրամփի ուղի» և այլն, աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից ընդամենը լիրիկա են, որին հավատում է միայն Նիկոլ Փաշինյանը, քանի որ, էլի եմ շեշտում, գլուխ չունի։ Մնացածի անկարևորությունն էլ ավելի ակնառու է դառնում նրանով, որ Թրամփի մոտ առ այսօր չի տպավորվում, թե այդ ո՞ր երկրների ղեկավարներին էր ինքն ընդունել ու ո՞ւմ էր տվել իր WhatsApp-ի համարը` Հայաստանի՞, Ադրբեջանի՞, Ալբանիայի՞, թե՞ Կամբոջայի։
Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում էր ուղիղ կապ, որը կունենա միջանցքային տրամաբանություն, նույնպես ստացավ։ Հիշեցնենք, որ դեռ ոչ շատ ժամանակ առաջ Ալիևը հայտարարում էր, որ «մեզ համար կարևորն այդ կապը ստանալն է, իսկ Փաշինյանն ինչպես ուզում է, թող այն անվանի»։ Ու ի՞նչ է փոխվել ընդհանուր առմամբ՝ ոչինչ, իրականացավ Ալիևի հերթական ցանկությունը, ընդ որում իր իսկ ձևակերպումներով, ստացավ իր ուզած միջանցքը, ինչը Նիկոլ Փաշինյանն անվանում է «Թրամփի ուղի»։
Ինչ վերաբերում է կապիտուլյացիային, ապա նույն պատկերն է նաև այս պարագայում։ Նիկոլ Փաշինյանն անվանում է խաղաղության դարաշրջան, բայց ո՞վ է ասում, որ Փաշինյանի՝ ներքին լսարանի համար օգտագործվող բառակապակցությունները պետք է բոլորի համար դառնան չափման միավոր։ Ինչո՞ւ է Փաշինյանը կարծում, որ եթե ինքը գլուխ չունի, ապա գլխից զրկված են բոլորը։
Աշխարհը տեսնում է, որ Փաշինյանը, հետևելով Ալիևի պարտադրանքին, դիմեց ԵԱՀԿ Մինսկի լուծարման պահանջով՝ դրանով փակելով Արցախի հարցով միակ միջազգային հարթակը։ Աշխարհը տեսնում է, որ 120 հազար արցախցիներ բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից, ու Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ քանի դեռ իրենք իշխանության են, արցախցիների վերադարձի հարց չեն բարձրացնի։
Աշխարհը տեսնում է, որ Ադրբեջանը տարբեր շինծու մեղադրանքներով Բաքվում դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մեր մյուս ռազմագերիներին, իսկ Հայաստանը միջազգային ատյաններից հետ է վերցնում Ադրբեջանի դեմ ներկայացված իր հայտերը ու իր հայրենակիցներին թողնում բախտի քմահաճույքին։ Աշխարհը տեսնում է, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն վախենում է Արցախ բառն ասելուց, այլև համերգներ է կազմակերպում այն օրերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Աշխարհը տեսնում է, որ Հայաստանի իշխանությունները վախենում են Եռաբլուր գնալ այն օրը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա… ու այսպես շարունակ։
Ու այսքանից հետո «Նիկոլը նստել ՄԱԿ-ի անկյունում, ունքերը կիտել ու լաց է լինում», թե՝ վայ, ասում են «Զանգեզուրի միջանցք», վայ, ասում են «կապիտուլյացիա»։ Չե՞ս ուզում՝ ասեն, ճանապարհը մեկն է՝ պետք է հեռանաս։ Քանի դեռ պարտվածը շարունակում է մնալ իշխանության, այդքան ժամանակ նման որակումները ուղեկցելու են մեզ։
Կարեն Կարապետյան