Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Ոստիկանները 63-ամյա գյումրեցու տանն ապօրինի զինամթերք են հայտնաբերել

Blog Image

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 3-ին 63-ամյա տղամարդը Ա.Վասիլյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 63-ամյա գյումրեցու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են «Ֆ1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ:

63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:

Իսկ ոստիկանությունը հավաստիացնում է, որ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ:

ՆԳՆ ոստիկանություն

Send