Սխալ է այն կարծիքը` իբր Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Էջմիածնում «հոգևոր հավաք» հրավիրելու մտքից։ Նա անպայման կհրավիրի այդ հավաքը, բայց ոչ հիմա, քանի որ ներկայումս նման հավաք անցկացնելը վտանգավոր է հենց իր համար։ Իսկ մինչ այդ նա Հայ Առաքելական Եկեղեցու վրա գրոհում է «Տրոյական ձիու» օգնությամբ, ու այդ ձին Տեր Արամն է։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը գործում է մաքիավելյան՝ «նպատակն արդարացնում է միջոցները» գործելաոճով, բայց քանի որ նա թերուս է, ապա վստահաբար տեղյակ չէ նաև այդ մոտեցումից։ Մաքիավելու նպատակը միացյալ Իտալիա տեսնելն էր, իսկ Փաշինյանի համար՝ իր ճղճիմ աթոռը պահելը կամ գուցե «միացյալ Ադրբեջան» ձևավորելը։
Բայց, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը որքան էլ թերուս լինի, ամեն դեպքում կատարյալ ապուշ չէ ու շատ լավ է հասկանում, որ Վեհափառին հեռացնելու իրավական ոչ մի լիազորություն ինքը չունի, իսկ «հոգևոր հավաք» կոչվածն էլ արդյունավետ ու իր համար անվտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ բավականաչափ թուլացած լինի Եկեղեցու միասնությունն ու Վեհափառի կամքը։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ հերթական հարվածը նա ինչ-որ մի դավաճանի՝ Տեր Արամի միջոցով հասցնում է հենց Արագածոտնի թեմին, որի առաջնորդը Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն է՝ Վեհափառի քրոջ որդին։
Կկալանավորվի Արագածոտնի թեմի առաջնորդը, թե՝ ոչ, այլևս էական չէ, քանի որ ձերբակալությունն ինքնին արդեն բավարար փաստ է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնելու, բացի հասարակության պատնեշից։ Միայն հասարակական դժգոհության լայն արձագանքն ու հակազդեցությունը կարող են կասեցնել նրան, ինչից էլ նա իրականում սարսափում է այնպես, ինչպես թուրքը՝ խոզի մսից։
Բայց հասարակությանը լայն հակազդեցության բերելու գործում մեծ անելիք ունի նաև Եկեղեցին։ Ես ոչ վաղ անցյալում գրել էի, որ Բագրատ Սրբազանին կալանավորեցին, քանի որ չտեսան լայն արձագանք, դժգոհության մեծ ալիք նաև հենց եկեղեցու կողմից, իսկ Միքայել Սրբազանի կալանավորումն էլ այդ նույն շղթայի շարունակությունն էր։ Նաև շեշտել էի, որ Միքայել Սրբազանի կալանքին էլ կհաջորդի որևէ այլ բարձրաստիճան հոգևորականի կալանավորումն ու այդպես մինչև Վեհափառ։
Կասկածից վեր է, որ շղթան հանգեցնելու է հենց Վեհափառի ձերբակալմանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը իրավական լծակներ չունի, որպեսզի հեռացնի Կաթողիկոսին, ապա կալանավորելու համար ոչինչ նրան չի խոչընդոտում։ Բավական է Տեր Արամի կամ նրա նման մեկի հարցազրույցը Հ1-ին, ու քրեական գործը պատրաստ կլինի։ Չմոռանանք, որ բոլշևիկները նույնպես չփոխեցին Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանին, այլ պարզապես սպանեցին։
Հետևաբար Գարեգին Բ-ն պետք է հստակ հետևություններ անի ու դիմի գործնական քայլերի։ Եթե նա չփորձի հանրությանը կոնսոլիդացնել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար, եթե նա իր ունեցած ողջ ռեսուրսով չհակազդի Նիկոլ Փաշինյանին, ապա հաջորդ ձերբակալվողն ինքն է լինելու, իսկ դրանից հետո այլևս որևէ նշանակություն չի ունենա, թե ով կլինի հաջորդ Կաթողիկոսը։ Դրանից հետո կառավարության ու ՔՊ-ի նիստերը կարող են նույնիսկ նամազով սկսվել, որովհետև արդեն կոտրված կլինի Եկեղեցու ողնաշարը, ինչն էլ կբերի հայ հասարակության ողնաշարի վերջնական փշրմանը։
Այս ամենն իրականում տեղավորվում է Ադրբեջանի պահանջների ամբողջական փաթեթում։ Եկեք հիշենք, որ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանում արմատախիլ արվեն ռևանշիստական ձգտումները, իսկ նրա համար ռևանշիստ են բոլոր նրանք, ովքեր խոսում են Արցախից ու արցախցիների իրավունքներից։ Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, հիմար չէ ու շատ լավ գիտի, որ հայոց պետականության չգոյության ժամանակահատվածներում հայապահպանության դերը մշտապես ստանձնել է Հայ Առաքելական Եկեղեցին ու մշտապես հնարավորություն պահպանել, որպեսզի մենք կարողանանք վերաստեղծել մեր պետությունը։ Հետևաբար, որպեսզի պետականության անկումից հետո, ինչին ներկայումս շատ մոտ ենք, այլևս հնարավորություն չունենանք ոտքի կանգնելու, առաջին հերթին անհրաժեշտ է ոչնչացնել Եկեղեցին։
Հ. Գ. Զարմանալի «զուգադիպությամբ» հայ հոգևորականները ձերբակալվեցին այն ժամանակ, երբ Փաշազադեն օրերս հերթական անգամ Հայ Առաքելական Եկեղեցին համարեց վտանգ՝ Ադրբեջանի համար։
Կարեն Կարապետյան