Հատկապես վերջին շաբաթներին նկատելի է, որ Երևանի քաղաքապետարանը ապօրինի շինությունների ապամոնտաժման ակտիվ աշխատանքներ է իրականացնում։
Սրան զուգահեռ, MediaHub-ը նկատեց, որ վարչական շրջաններում ապամոնտաժվում են նաև երևանցիների աչքին սովոր կոշկակարի, ժամագործի կրպակները: Օրինակ, Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել են մեծ թվով կրպակներ:
Իհարկե, վատ երևույթ չէ այն, որ երևանյան փողոցները ազատվում են քաղաքացիների համար խոչընդոտ հանդիսացող կառույցներից, կրպակներից, մայթերը վերադարձվում են քաղաքացիներին, բայց պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ, օրինակ, կոշկակարը զրկվում է իր “աշխատավայրից”, գումար վաստակելու հնարավորությունից։ Արդյո՞ք նման դեպքերում քաղաքապետարանը, վարչական շրջանի աշխատակազմը, որ իրականացնում է ապամոնտաժման գործընթացը այլընտրանք առաջարկում է:
MediaHub-ի հետ զրույցում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը նշեց, որ այս տարի արդեն շուրջ 70 ապօրինի տեղադրված կրպակ են ապամոնտաժել, որից մեկն է եղել այդ գործող կոշկակարանոցը (Բաշինջաղյան փողոցի վրա)։
«Այս կրպակը դրված է եղել մայթի վրա և անմիջապես անցումի մոտ, որը կոնկրետ խոչընդոտ էր ստեղծում անցորդների համար։ Միայն այդ մեկն է եղել կոշկակարի կրպակ, թեև որևէ տարանջատում մենք չենք դնում»,- մեզ հետ զրույցում նշեց նա։
Նրա խոսոքով՝ սկզբնական փուլում նախապատվությունը տվել են չգործողներին, հետո արդեն գործողներին։ 70 ապամոնտաժված կրպակների մեծ մասը չգործող է եղել, հավաստիացրեց նա:
Ինչ վերաբերում է կրպակից զրկված կոշկակարի գործունեությունը հետագայում ևս ծավալելու հարցին, Սերոբ Սարգսյանը նշեց.
«Ոչ, այլընտրանք կոնկրետ այս մասով չենք առաջարկել և նման պրակտիկա չկա»։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք կրպակի սեփականատերերը նախօրոք ծանուցվել են ապամոնտաժման մասին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ նրանք բոլորը 2-3 ամիս առաջ են ծանուցվել:
Էմմա Մարտիրոսյան