«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի կառավարիչ է նշանակելու ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, այդ որոշումն իսկապես կայացված է, սակայն Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ այլ ղեկավար չի նշանակի, և ՀԷՑ-ի պետականացումից հետո Ռոմանոս Պետրոսյանը կվերադառնա ՊՎԾ ղեկավարի պաշտոնին:
«Հրապարակ» թերթը գրել է.
Նիկոլ Փաշինյանը մտադիր է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների եւ նախագահի առանց այն էլ բարձր աշխատավարձերը։ ՍԴ նախագահն այժմ 1 մլն 331 հազար դրամ է ստանում, առաջարկվում է 100 հազարով բարձրացնել։ ՍԴ փոխնախագահը բարձրացումից հետո կստանա այնքան, որքան հիմա՝ նախագահը: Դատավորները ներկայիս մոտ 998 հազար դրամի փոխարեն կստանան 1 մլն 250 հազար։
Օրենքով սահմանվելու է նաեւ ՍԴ դատավորի աշխատավարձի 100 տոկոսի չափով հավելավճար։ Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել»։ Հիմնավորումն այսպիսին է. «ՍԴ դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով եւ չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։
Հաշվի առնելով ՍԴ դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը եւ լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել դրան համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաեւ հավելավճարի տարբերակված մեխանիզմ»։
Իրականում, խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Փաշինյանը որոշել է «գնել» այդ պայմանագիրը հաստատող մարմնի լոյալությունը։
Արդյունքում հարկատուներիս գրպանից տարեկան հավելյալ մոտ 138 մլն դրամ՝ 300 հազար դոլար գումար լրացուցիչ կհատկացվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը` հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ողջ քաղաքական էլիտան Գորիսում է եղել: Իշխանականները Գորիս են գնացել ուրբաթ երեկոյան, հավաքույթ կազմակերպել, միմյանց հետ զրույցներ, քննարկումներ են ունեցել, իսկ շաբաթ առավոտյան սկսել են ՔՊ քաղաքական ժողովը:
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ փակ հանդիպման ընթացքում նախ օրակարգը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրություն, այնուհետև գրեթե բոլոր ՔՊ-ականները, միմյանց հերթ չտալով, ելույթներ են ունեցել ու հարցեր տվել Փաշինյանին՝ ինչն ինչպես անել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականները ամեն բան արել են Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար, որպեսզի ներառվեն 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը հստակ նշել է, որ պետք է ամեն բան անել, որպեսզի ՔՊ նոր վարչության ընտրություններն անցնեն առանց որևէ կեղծիքների, սկանդալներ չլինեն, քանի որ նախորդ ընտրությունները խայտառակություն էին:
Այս անգամ հավաքվելու է ավելի քան 1000 պատվիրակ, և վերահսկողությունը ընտրական գործընթացի նկատմամբ պետք է խիստ լինի: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ականներին Փաշինյանը վստահեցրել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված որևէ քաղաքական ուժ իրենցից առավելություն չունի, բայց իրենք պետք է շատ ակտիվ աշխատանքներ տանեն, որ կարողանան միահեծան իշխանություն լինել: ՔՊ-ականները հասկացել են, որ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը պետք է տրված համարել:
Ի դեպ, Փաշինյանը երեկոյան բոլորին հրաժեշտ է տվել ու հեռացել Գորիսից»։