Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները լակմուսի թուղթ են հանդիսանալու ողջ քաղաքական դաշտի համար, նույնիսկ այն ուժերի, որոնք ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել։ Սա այն եզակի ընտրություններից մեկն է, որտեղ չի կարող լինել չեզոքություն, չի կարող լինել «Ես չեմ մասնակցում, հետևաբար իմ գործը չէ» մոտեցում։ Ցանկացած կրավորական դիրքորոշում, տեսակետի չհայտնում, միջանկյալ դիրքավորում նշանակելու է ուղղակի կամ անուղղակի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։
Վաղարշապատ խոշորացված համայնքում Նիկոլ Փաշինյանը մղելու է կենաց մահու պայքար, քանի որ նախ՝ նա պարտվում է գրեթե բոլոր նշանակալից համայնքներում, հետևաբար նախքան համապետական ընտրությունները նրան անհրաժեշտ է դուրս գալ այդ ցիկլից, երկրորդը՝ պարտությունը Վաղարշապատում թաղելու է նրա բոլոր նպատակները՝ կապված Մայր Աթոռի հետ։
Թեպետ քաղաքականության մեջ վերջնագրերն այդքան էլ արդյունավետ չեն, սակայն կան իրավիճակներ, երբ քաղաքական ուժը չի կարող հստակ դիրքորոշում չհայտնել։ Այլ խոսքով, եթե հանրությանը սև ու սպիտակի բաժանելը կատարելապես անթույլատրելի է, որովհետև հանգեցնում է պառակտման, ապա չի կարելի նույնն ասել քաղաքական դաշտի մասին, քանի որ կոնկրետ իրավիճակներում քաղաքական որոշ ուժերի անդեմ պահվածքը շատ ավելի վնասակար կարող է լինել նույն հանրության համար, քան եթե ուղիղ ու բաց տեքստով հայտարարեն, որ իրենք սատարում են այս կամ այն թևին։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է նույնիսկ այն ուժերին, որոնք Վաղարշապատում սպասվելիք ընտրություններին պաշտոնապես մասնակցելու հայտ չեն ներկայացնել։
Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Էջմիածնում կազմակերպելու է «հոգևոր» հավաք, սակայն ակնհայտ է, որ նման հավաք կազմակերպելու համար նա չունի բավարար աջակցություն հանրության կողմից։ Իսկ զուտ իր երդվյալներով կազմակերպվող «հոգևոր» հավաքը կարող է հանգեցնել բախման, հետևաբար Վաղարշապատում ընթացող նախընտրական քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի համար կարող է «լեգիտիմ» առիթ հանդիսանալ նման հավաքի կազմակերպման համար։ Բնականաբար շղարշը լինելու է ՏԻՄ ընտրությունը, իսկ իրական նպատակը Մայր Աթոռը։ Նման իրավիճակում քաղաքական ցանկացած ուժի չեզոքությունը կարող է ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանին անուղղակի աջակցություն, եթե նույնիսկ տվյալ ուժն այս պահին դիրքավորված է ընդդիմադիր դաշտում կամ մինչ նոյեմբերի 16-ը՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ընտրությունները օրը, հանդես է եկել լողացող քաղաքականությամբ։
Վաղարշապատում պետք է դրվի քաղաքական դաշտի առողջացման հիմքը, ու հետայսու Հայաստանում պետք է տեղի ունենան բացառապես քաղաքական գործընթացներ, հակառակ դեպքում մենք մշտապես ապավինելու ենք տարերային իրադարձություններին, փրկիչներին ու բացառիկ նվիրյալներին։ Չկա որևէ երաշխիք, որ կրկին չենք հայտնվելու նույն ողբերգական շրջապտույտի մեջ, ինչն այսօր է։ Չմոռանանք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը նույնպես շատերի կողմից ընկալվում էր որպես փրկիչ ու բացառիկ նվիրյալ ու 2018 թվականին իշխանության եկավ հենց տարերային ընթացքի շնորհիվ։
Կարեն Կարապետյան