Հայաստանում աշխատանքային միգրանտի կարգավիճակում գտնվող մեր «հնդիկ հայրենակցիներն» այսօր կրկին Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում ակցիա էին անում՝ բողոքում էին իրենց գործատու ընկերության և այնտեղ ստեղծված աշխատանքային պայմանների դեմ։ Մի քանի օր առաջ էլ նրանք «Նիկոլի էֆեկտով» փակել էին Երևան-Իջևան միջպետական մայրուղին։
Հնդիկներն ասում են, որ «Իջ-Գրանդ տեքստիլ» ընկերության տնօրինությունն իրենց աշխատեցրել ու փողը չի տվել, և շատ վատ է վերաբերվում։
«Մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ: Տնօրենը պահանջում է աշխատել, բայց չի վճարում, մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան»,- այսօրվա ակցիայի ժամանակ հայտարարեցին «Իջ-Գրանդ տեքստիլի»՝ գործադուլ իրականացնող հնդիկ աշխատակիցները:
Օրվա ընթացքում թեմայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ հայտնելով, որ ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը դեռևս օգոստոսի 6-ին առանձնազրույց է ունեցել աշխատակիցներից մի քանիսի հետ, և որ Պաշտպանն իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքային իրավունքներն առհասարակ պատշաճ կերպով ապահովվեն և պաշտպանված լինեն։
MediaHub-ն այս առնչությամբ դիմեց նաև ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ հասկանալու, թե տեղյա՞կ են խնդրից, իրենց որևէ մեկը դիմե՞լ է այս հարցով, և ի՞նչ են պատրաստվում անել։ Տեսչականից մեզ ասացին, որ որևէ մեկն իրենց այս հարցով չի դիմել, սակայն իրենք, հիմնվելով լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության վրա, սեփական նախաձեռնությամբ վարույթ են նախաձեռնել։
«Իրենց կողմից նման բողոք տեսչական մարմին չի ստացվել, լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել, որի արդյունքների մասին ավելի ուշ՝ վարույթի ավարտից հետո կարող ենք Ձեզ տեղեկացնել»,- ասացին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Վարույթի ամփոփման առավելագույն ժամկետը մեկ ամիս է, սակայն Տեսչական մարմնից հույս հայտնեցին, որ շատ ավելի շուտ կավարտեն և արդյունքների մասին կտեղեկացնեն։
Վահե Մակարյան