Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Ժամանակին ԱԺ անցնելու համար բաժանում էին մուրաբա, այսօր Ալիևը Փաշինյանի վերարտադրության նպատակով բաժանում է ցորեն

Blog Image

Երբ ժամանակին խոսք էր գնում թանկացումներից, անմիջապես կիսահումորով որպես հակափաստարկ բերում էին լուցկին. «Բա լուցկի՞ն», ու ստեղծվում էր տպավորություն, որ մարդիկ սնվում են լուցկի ուտելով։ Այսօր լուցկուն փոխարինելու է եկել Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած ցորենը։ Ալիևի յուրաքանչյուր ագրեսիվ հռետորաբանությանը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներին, Հայաստանի Հանրապետությունը «արևմտյան Ադրբեջան» անվանելու նկրտումներին, հայ հասարակության անհանգստություններին ՔՊ-ականներն ամենայն լրջությամբ պատասխանում են. «Բա ցորե՞նը» ու ստեղծում տպավորություն, որ խաղաղության ամենակարևոր բաղկացուցիչը ցորենն է, ու քանի որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ցորեն, ուրեմն կարելի է և չտեսնելու տալ մնացած բոլոր հանգամանքները, որոնք հուշում են Ադրբեջանի կողմից Հայաստանն օկուպացնելու մտադրությունների մասին։

Այսօրվա ՔՊ-ականները Արցախյան առաջին պատերազմի տարիներին կա՛մ դեռևս չէին ծնվել, կա՛մ ման էին գալիս պամպերսներով, հակառակ դեպքում կիմանային, որ պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած էր հացի սպառման օրհասական խնդրի առջև, Թուրքիայով Հայաստան եկավ մեծ քանակությամբ ցորեն, որն այդ պահին փրկօղակի դեր հանդիսացավ ՀՀ քաղաքացիների համար, սակայն տարիներ անց այն Թուրքիային չխանգարեց, որպեսզի իր գրեթե ողջ ներուժով աջակցի Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու Արցախի հայաթափմանը, այսինքն՝ տարիներ անց ցորենին փոխարինեց բայրաքթարը։

Ողբերգություն է այն հասարակության համար, որի ղեկավարությունը չունի ազգային անվտանգության որևէ կոնցեպտ, որևէ համակարգ, չունի դաշնակցային լուրջ հարաբերություններ և ոչ մի պետության հետ, չի կարողանում տեղի ունեցած գործընթացները պատկերացնել մի ամբողջության մեջ ու դրանց առանձին դետալները հանրությանը ներկայացնում է որպես լուրջ ձեռքբերում ու անվտանգության երաշխիք։ 

Ի տարբերություն Փաշինյանի՝ երբ Հայաստանը հրաժարվեց որևէ օգնություն ցուցաբերել արցախցիներին, այն ժամանակ, երբ նրանք ենթարկվում էին գրեթե ցեղասպանության, Ալիևը չհամարեց դա խաղաղության հաստատում մեր երկու երկրների միջև, այլ ընդամենը ողջունեց Նիկոլ Փաշինյանի պահվածքը։

Երբ Հայաստանը համաձայնվեց, որ COP 29-ը տեղի ունենա Ադրբեջանում, Ալիևը չգոռաց՝ վերջ, մենք արդեն «խաղաղության դարաշրջանում» ենք, այլ հակառակը՝ իր հանրությանը կոչ արեց ամեն օր պատրաստվել պատերազմի։

Երբ Փաշինյանը, ելնելով խաղաղության տրամաբանությունից, Ալիևին հրավիրեց Հայաստան, նա «Թրամփի ուղիով» անմիջապես չվազեց Երևան, այլ հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն դեռևս գոյություն չունի։

Իսկ պաշտոնական Երևանը Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած ցորենը ներկայացնում է որպես խաղաղության անժխտելի ապացույց։ Ասածից անշուշտ չի հետևում, որ այդ ցորենից անպայմանորեն պետք էր հրաժարվել, բայց նախ՝ պետք էր սաստել Ադրբեջանին իր ագրեսիվ ու օկուպացիոն հայտարարությունների համար, երկրորդն էլ՝ մի պահ հիշել ադրբեջանցիների ամենևին ոչ վաղ անցյալում արված հայտարարությունները, որ «մենք Հայաստան կմտնենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։

Իսկ ի՞նչու է այդ աստիճան կարևորվում ցորենը, մի պարզ պատճառով։ Ալիևի ցորենը տվյալ դեպքում հավասարազոր է օրինակ տարիներ առաջ քաղաքական ուժերից մեկի կողմից բաժանվող մուրաբաներին։ Երկուսի նպատակն էլ նույնն էր. ստանալ ՀՀ քաղաքացիների քվեն, միայն այն տարբերությամբ, որ եթե հայաստանյան կուսակցության նպատակը խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ քվե ապահովելն էր՝ մուրաբաների օգնությամբ, ապա Փաշինյանի նպատակը իշխանության ղեկավարի պաշտոնում վերարտադրվելն է՝ Ալիևի օժանդակությամբ։

Կարեն Կարապետյան

Send