Երևանում օդն այնքան աղտոտված է, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է։
Այսօր դեկտեմբերի 1-ն է, ձմեռվա առաջին օրը։ Շատ քաղաքացիներ հույս ունեին, որ այսօր Երևանում կարող է ձյուն տեղալ, որպեսզի օդը մի փոքր մաքրվի։ Այսօր շատ երևանցիներ բողոքում են օդի որակի հետ կապված, բավականին աղտոտված օդը ունի մի քանի պատճառ․․․
Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ։
«Դեկտեմբերին 1-ին շատ հազվադեպ ենք ունեցել ձյուն Երևանում, անգամ դեկտեմբերը ձյունոտ չի, անձրևներ էլ չկան։ Երևանում, կարելի է ասել, օդը կանգնած է, դա է խանգարում, որ այդ աղտոտվածությունը ցրվի։ Օդի աղտոտվածության բազմաթիվ ազդեցիկ գործոններ կան, որոնց մասին լռում են, դրանցից մեկը՝ մասսայական տերևների այրումը, երկրորդը՝ աշխատող հանքեր Երևանի շուրջ, շինաշխատանքներ, ինչպես նաև քարամշակման փոքր ձեռնարկություններ, որոնք փոշու աղբյուր են, ինչպես նաև տրանսպորտից բավականին արտանետումներ ունենք»,- նշեց բնապահպանը։
Նրա խոսքով՝ օդի որակի համար հատկապես կարևոր է լուծել Նուբարաշեն աղբավայրի հարցը, որը կարծես «կանգնած է մնացել Երևանի վրա»։
«Պետք է հասկանանք՝ ի՞նչ արգելքներ պետք է դրվեն, պետք է վերջ տանք նոր ու նոր հանքավայրերի, շինարարական աշխատանքներին, տրանպորտի խնդիրը լուծենք, շատ երկրներ լուծում են տրնապսորտի պատճառող օդի աղտոտվածության խնդիրը և այլն»,- նշեց Զարաֆյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է, բարելավվում՝ մարտի կեսերից, թեև բարդ, բայց կան լուծումներ։
«Իհարկե լուծումներ կան, շատ բարդ լուծումներ են դրանք, շատ դեպքերում նույնիսկ Երևանի սահմաններից դուրս պետք է իրականացվեն այդ լուծումները։ Եթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, ապա հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին է, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար։ Իսկ կարճաժամկետի մասով՝ հետևյալն է. հնարավոր է 10-15 կրիտիկական օր, որոնց մասին նախօրոք տեղեկացված լինենք, եթե այդ օրերին մենք էական, ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք անենք, դա կարող է ազդել 45-60 օրվա վրա: Խոսքն այն մասին չէ, որ օդի որակը շատ լավը կլինի այդ ընթացքում, բայց 10 օր ճիշտ, թիրախային, կետային աշխատանքի դեպքում մենք կարող է հնարավորություն ունենանք մոտ 20 տոկոսի ազդեցություն ունենալ, ինչը էական է»,- ասել է Ավինյանը:
Քաղաքապետը նշել է, որ կառուցապատողներին նաև պետք է տեղեկացնել փոշու ճնշիչ սարքերի տեղադրման մասին, կարգավորման վերաբերյալ որոշումը քաղաքապետարանը կընդունի դեկտեմբերին: Պաշտպանիչ ցանցերից զատ, նաև դրանք կդառնան պարտադիր:
Մարիաննա Արամյան
