«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն օրերս ասել է, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար: Ըստ Փաշինյանի, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու հունիսին, ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը: «Հայ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը», ասել է Փաշինյանը՝ հավելելով, թե հակառակ դեպքում Հայաստանը հետ կգլորվի դեպի կոնֆլիկտ, հակառակը ֆորպոստի տրամաբանությունն է:
Անդրադառնալով թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին վախեցնելու է նոր պատերազմով, եթե ՔՊ-ն չմնա իշխանության. «Փաշինյանի մեսիջը կամ հերթական մանիպուլ յացիան՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին, հետևյալն է՝ ընդդիմության հաղթանակը նոր պատերազմ է բերելու Ադրբեջանի հետ, ընդդիմությունը նորից բարձրացնելու է Արցախի հարցը, իսկ եթե ՔՊ-ն 2026 թվականին մնաց իշխանության, ՀՀ-ն երբեք չի պահանջելու Արցախը, Ադրբեջանի հետ խաղաղություն է կնքվելու, և Հայաստանը դառնալու է տարանցիկ միջանցք։ Փաշինյանը փիառելու է Թրամփի ուղին, որը դե ֆակտո «Զանգեզուրի միջանցքն է», ՀՀ քաղաքացիներին նորից վախեցնելու է «նախկինների» վերադարձով, հենվելու է երկրի ներսում 400 հազար աղանդավորականների աջակցության վրա (դրա համար է նա արշավ կազմակերպում Մայր Աթոռի դեմ), ինչպես նաև ոստիկանության և դատական համակարգի վրա՝ ընդդիմադիրներին բանտերը նետելու համար»։
Ըստ հեղինակների, Փաշինյանի մյուս մեսիջը՝ ֆորպոստի հետ կապված, ուղղված է ՌԴ-ի դեմ. իբր Մոսկվան ցանկանում է ՀՀ-ն վերածել ֆորպոստի՝ տանելով դեպի Միութենական պետություն, իսկ Փաշինյանն իբր պաշտպանում է ՀՀ սուվերենությունը։ Փաշինյանն այդ կերպ մեսիջ է հղում իր աշխարհաքաղաքական տանիք Արևմուտքին. եթե ՔՊ-ն մնաց իշխանության, ՀՀ-ն կտրվելու է ՌԴ-ից և չի դառնալու ռուսական պլացդարմ Հարավային Կովկասում։
«Փաշինյանն ու ՔՊ-ն թքած ունեն հայկական ազգային ու պետական շահերի վրա. ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով ամեն օր արտագաղթում են ՀՀ-ից, Արցախը ՔՊ-ն առանց խղճի խայթի հանձնեց Ադրբեջանին, կրճատում են բանակը, ինչը Բաքվի հերթական պահանջն է։ Փաշինյանը հասկանում է, որ եթե 2026 թվականին ինքը պարտվեց, ապա իրենց ողջ կլանը հայտնվելու է բանտերում՝ Արցախը հանձնելու, հայկական շահերը թուրք-ադրբեջանական տանդեմին վաճառելու, միլիարդների հասնող կոռուպցիայի համար»,-գրում է ալիքն ու հավելում, թե Փաշինյանն ու ՔՊ-ն քաղաքական կամիկաձեներ են. նրանք հանուն իշխանության պահպանման պատրաստ են կատարել Արևմուտքի, Բաքվի և Անկարայի ցանկացած հրահանգ, ինչպես նաև ուժ կիրառել ՀՀ քաղաքացիների հանդեպ՝ ընդդիմադիրներին նետելով բանտերը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը` Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերեւս դրա մասին էր, որ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեին։
Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, եւ այս պահին ամենառեալ թեկնածուն Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին sms-ով ազատեց աշխատանքից՝ խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է փաստաթղթերը եւ պարզել, որ 2024 թվականին՝ միայն մեկ տարվա ընթացքում, «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությունը ՀՀ Ազգային ժողովից ստացել է 6 մլն 825 հազար 945 ՀՀ դրամ՝ «հանրային սննդի կազմակերպում» անվան տակ։ Ում են հյուրասիրել, կերակրել՝ պարզ չէ փաստաթղթերից:
«Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկված ապրանքագրերի եւ վճարումների ուսումնասիրությամբ նկատեց տարբեր չափերի վճարումներ՝ 10 հազար դրամից սկսած, մինչեւ «միլիոնից ավելի միանվագ վճարում»: Էկրանակադրերը՝ ստորեւ:
Փաստաթղթերում չեն երեւում, թե ում են ԱԺ-ում կամ Երեմյաններին պատկանող ռեստորաններում հյուրասիրել՝ «հանրային սննդի կազմակերպման» ենթատեքստով. հաշիվ ապրանքագրերից չի երեւում, թե կոնկրետ որ պատվիրակությունների կամ պաշտոնական միջոցառումների համար կոնկրետ ինչ ծառայություն է մատուցվել։
Մեկ այլ փաստաթղթի ուսումնասիրությամբ նկատելի է, որ 2024 թվականի համար «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Ազգային ժողովը կնքել է 5 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։
Ընկերության կողմից, որպես լիազոր անձ, հանդես է եկել Ալեքսանդր Գասպարյանը:
Ծառայություններում, ըստ պայմանագրում տեղ գտած բնութագրի, Երեմյաններին պատկանող, օրինակ, «Լիվինգսթոն», «Պանդոկ Երեւան», «Պանդոկ Երեւան Գետափին», «Լավաշ», «Կազան Նոստրա», «Շերեփ» եւ այլ վայրերում, ուր, ի դեպ, շատ դեպքերում ծնունդների, կնունքների, ատամհատիկների կողքին պաշտոնական պատվիրակություններ են ընդունվել, ճոխ հյուրասիրություն է կազմակերպվել:
Մասնավորապես՝ պատվիրակություններին հյուրասիրելու համար փաստաթղթերում նախատեսված է 78 հազար դրամ արժողությամբ սեւ ձկնկիթ, բրենդի Erebuni 50 եւ 70 տարեկան, որոնց արժեքը համապատասխանաբար 115 հազար եւ 250 հազար դրամ է։ Պատվիրակությունների համար նախատեսված է եղել նաեւ 315 հազար դրամ արժողությամբ Don Perignon Limited շամպայնը։ Հետաքրքիրն այն է, որ այս շամպայնի 0,75 մլ Don Perignon Vintage տարբերակը սուպերմարկետներում արժե 130 հազար դրամ, իսկ Don Perignon Vintage Rose 0,75 մլ-ն արժե 225 հազար դրամ։
Նկատենք, որ պայմանագրի գնման ընթացակարգը կատարվել է մեկ անձից սկզբունքով, եւ այլ ընկերության շանս չի տրվել կատարելու այս ծառայությունը, ինչը խոսում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին:
Մինչդեռ, մամուլում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը, որը ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, այս օրերին բյուջեի հաշվետվությունների ժամանակ արագ կարդում էր թվեր. սակայն նրա գործունեության թափանցիկությունն ու արդյունավետ ծախսերը խիստ հարցական են` դատելով մեր ուսումնասիրած փաստաթղթերի ցանկից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, օրինակ, ԱԺ բակի՝ 100 հազար դոլարից ավելի արժեցած սրճարանի կառուցման ողջ ընթացքը ուղեկցված է կոռուպցիոն կասկածներով, քանի որ մի քանի անգամ սալիկներ են «տեղադրվել» նույն հատվածում, երեք անգամ էլ գույք է գնվել` սեղան աթոռ, սակայն միայն մեկ տեսակն է տեղադրված սրճարանում: Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, ոչինչ չի գտնում այս գործի ուսումնասիրությամբ»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ իրենց այս օրերին պարտադրում են քովիդի դեմ պատվաստվել:
Պատճառաբանում են, թե համավարակը կրկին տարածում է գտել եւ վտանգ է ներկայացնում:
Սակայն որոշ աշխատակիցներ ըմբոստացել են եւ հրաժարվել պատվաստվելուց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարարության հայտարարության, համարվում է սուր շնչառական հիվանդությունների մեջ ներառված հիվանդություն, ուստիեւ պատվաստումը չի կարող պարտադիր լինել:
Առողջապահության նախարարությունից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ են որոշ նախարարություններում աշխատակիցներին պարտադրում պատվաստվել, եւ որքա՞ն է այժմ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Նախարարությունից մեզ ասացին. «Քովիդը, որպես այդպիսին, վաղուց ճանաչված է սուր շնչառական վարակների մեջ մտնող հիվանդություն: Որեւէ ակտիվություն չունենք:
Ունենք սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը լրիվ նորմալ է, կտրուկ բարձրացում չունենք եւ անընդհատ այս մասով իրազեկում ենք ու հորդորում պատվաստվել գրիպի դեմ: Քովիդի հետ կապված՝ որեւէ գերատեսչության չենք պարտադրել պատվաստվել, որովհետեւ նախ` պատվաստումը կամավոր է, եւ երկրորդ` ցուցված է միայն ռիսկի խմբերին: Եթե որեւէ մեկին պարտադրել են, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»:
