Նոյեմբերի 12-ին, Բրազիլի Բելեմ քաղաքում ընթացող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ համաժողովի շրջանակներում, Հայաստանի կողմից՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ՀՀ նախագահությանն ընդառաջ, կազմակերպվել է հարակից միջոցառում «Կլիմայի և կենսաբազմազանության գործողությունների առաջմղում. Բելեմի կողմերի համաժողովի արդյունքները որպես խթան Երևանում կայանալիք կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի համար» խորագրով։
Միջոցառումը կազմակերպվել էր Բրազիլի, Կոլումբիայի, Պանամայի և Գերմանիայի հետ համատեղ, ինչպես նաև Բանգլադեշի, Ավստրալիայի, Միացյալ Թագավորության և Հնդկաստանի հասարակական կազմակերպությունների և ակադեմիական հաստատությունների հետ համագործակցությամբ։
Միջոցառման առանցքում էին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի և Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի միջև կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ նպաստելու Ռիոյի բնապահպանական երեք կոնվենցիաների միջև համադրելիության, համագործակցության և սիներգիայի առաջմղմանը։ Մասնակիցներն անդրադարձ են կատարել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի միջև փոխկապակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի` ընդգծելով առկա մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ գլոբալ համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ազգային մակարդակում իրական և չափելի գործողությունների միջոցով գլոբալ պարտավորությունների տեղայնացմանը։ Մասնակիցները կարևորել են ոլորտային համագործակցությունն ու ներառականությունը՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներգրավմամբ, ինչպես նաև գիտության և տեխնոլոգիաների կիրառումը կլիմայական և կենսաբազմազանության խնդիրների արդյունավետ լուծման համար։
Մասնակիցներն ընդգծել են նաև միջազգային կոնվենցիաների, ինստիտուտների և քաղաքականության շրջանակների միջև առավել սերտ համակարգման անհրաժեշտությունը` ուղղված Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի իրականացման արդյունավետ դիտարկմանը 2026 թվականին Երևանում կայանալիք COP17-ի շրջանակներում։
Միջոցառման ընթացքում վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու համադրելիությունն ու փոխգարծակցելիությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման գլոբալ գործընթացների միջև՝ նպաստելով ամբողջական, ներառական և գործողությունների վրա հիմնված օրակարգի ձևավորմանը` որպես Կենսաբանական բազմազանության մասին կոմվենցիայի կողմերի 17-րդ հանդիպման նախագահող երկիր:
