Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն, Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելիք այցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ՔՊ թիմում են սկսել խոսել, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի կամ նախնական փաստաթուղթ ստորագրվի խաղաղության վերաբերյալ։

Մի քանի օր է՝ փորձագիտական շրջանակներից բարձրաձայնում են, որ Ալիեւն էլ է մեկնում Թուրքիա, եւ Էրդողանի միջնորդությամբ կողմերը կարող են գալ համաձայնության՝ ստորագրել պայմանագիրը, ինչը կնշանակի բացառել երրորդ կողմի ռազմական ներկայությունը: Այսինքն՝ ռուսական 102-րդ ռազմաբազան կհանվի Հայաստանից:

Համաձայնագիրն ունենալու է նաեւ կից հավելված, որում ներառված են լինելու Ալիեւի մյուս բոլոր պահանջները, այդ թվում՝ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Կաթողիկոսին փոխելու» վերաբերյալ, շարունակելու է օրակարգային մնալ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ գործընթացը եւս շարունակվում է, ու ներքին բոլոր քննարկումներում հարցը մնում է օրակարգային: Փաշինյանը թիմին հայտարարել է՝ կարելի է ասել, որ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է, ու իրենք պետք է ճանապարհն ազատեն բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակ կունենան իշխանությունը իրենց ձեռքից վերցնել:

Այժմ նրանց օրակարգում երկու հարց է. շարքից դուրս բերել Սամվել Կարապետյանին, այնուհետեւ անցնել Կաթողիկոսին հեռացնելու հարցին, որը կարող է երկար ձգվել»։ 

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ չունի Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որեւէ հանձնարարություն կատարել, պարզապես հոգնած էր»,- ասաց նա։ Սակայն Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը՝ «մասկի շոու» բեմադրել Կարապետյանի տան բակում եւ ասֆալտին փռած՝ բերման ենթարկել հայտնի գործարարին, որ Փաշինյանի սիրտը հովանա, ինչպես ինքն է ասում` ձեռքը շփելով կրծքավանդակին, ասի` «խվաաայ», եւ  մյուսներն էլ դաս քաղեն։ Ավելին, մեր տեղեկություններով, Աբազյանն աշխատանքից ազատվել է հենց գիշերը, երբ ԱԱԾ-ն չի կատարել կարգադրությունը, պարզապես հրամանը հրապարակվեց վաղ առավոտյան։

Նրա փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Աբազյանի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, որն էլ շուտով կնշանակվի` ի սարսափ ԱԱԾ համակարգի: Նա այդ մասին երազում է արդեն մի քանի տարի։ Մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր, ցուցմունք է տվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, որի հիման վրա վերջինիս ազատել են պաշտոնից: Ապա ԱԱԾ-ում ուղիղ աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ` նրա աչքն ու ականջը լինելով ԱԱԾ-ում: Շատ հաճախ Փաշինյանն Աբազյանի բերած ինֆորմացիան ճշտել է Սիմոնյանից կամ զուգահեռ նրան է հանձնարարություն տվել` երկիշխանություն ստեղծելով համակարգում: Ըստ որոշ լուրերի՝ նա նաեւ դատական իշխանության կուրատորի դերն է կատարում:

 
Send