Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Ընդդիմադիր պատգամավորի մաhվան դեպքով քրեական գործը կարճվել է, Կարապետյանի ընտանիքի հիմնարկ-ձեռնարկությունները տուգանելու հրաման է իջեցվել․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակ հայտարարում է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ)-ը էներգետիկ ճգնաժամ է ստեղծել երկրում, և պետք է այն ազգայնացնել։ Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ էներգետիկ ոլորտը 8 ամիս է ղեկավար չունի Հայաստանում:

Հայաստանի տարածքային և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանը 2024-ի հոկտեմբերի 11-ից ազատման դիմում գրեց եւ հեռացավ պաշտոնից:

Վարդանյանի հեռանալուց հետո նրա փոխարեն որևէ մեկը չի նշանակվել որպես փոխնախարար։

Ստացվում է՝ վարչապետն ուզում է վերահսկել էներգետիկ համակարգը, մինչդեռ Կառավարությունը ամիսներ շարունակ չի կարողանում (կամ չի ցանկանում) թեկուզ փոխնախարար նշանակել՝ ոլորտը համակարգելու համար։

Ճգնաժամը մատնանշելու փոխարեն՝ Փաշինյանը նախ պետք է պատասխան տա, թե ինչու է պետությունն այսքան ժամանակ գործում առանց ոլորտային ղեկավարի, եթե էներգետիկ ոլորտը մեր երկրում այդքան կարևոր է»։

 

«Հրապարակ» թերթը գրել է․

Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական գրառումն արեց ՀԷՑ-ի մասին, թե ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ, անգամ իշխանական պատգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այնքան էլ հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, եւ Նիկոլ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր։ Պարզապես որոշել է չնահանջել եւ հոգեբանական ճնշումը չթուլացնել Կարապետյանի եւ ընդդիմության նկատմամբ: Երեկ էլ Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինից տեղափոխեցին ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ պահման պայմաններն ավելի խիստ են, արտաքին աշխարհի հետ շփում չկա։ Մեզ ասացին նաեւ, որ հարկայինին հրահանգ է տրված՝ տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում ու հնարավորինս մեծ տուգանքներ գրել։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ քննչական կոմիտեն կարճել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ ավտովթարի հետեւանքով մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։

«Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ քրեական վարույթը կարճվել է «հանցանքի բացակայության» հիմքով։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չէր եղել։ Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեն ամիսներ առաջ ստացել էր ԱԺ նախկին պատգամավորի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխանը, ըստ որի` Մհեր Սահակյանը դեպքի օրն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել։

Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։ Սահակյանի մեքենան հայտնաբերվել էր Տիգրանաշենի ոլորանների ձորում։

Պատգամավորի մահվան դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Ասել է թե՝ այդպես էլ առեղծված մնաց, թե ինչ կատարվեց Մհեր Սահակյանի հետ այդ օրը, արդյոք կատարվածը դժբախտ պատահար էր, թե Մհեր Սահակյանը մնացել էր կոնկրետ անձանց կոկորդին»։    

Send