Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԱՄՆ 2025 թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի տեղը նոր աշխարհակարգում. Սուրենյանց

Blog Image

«ԱՄՆ Ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը փաստում է, որ Վաշինգտոնը, ըստ էության, վերակենդանացնում է Մոնրոյի դոկտրինը․ Արևմտյան կիսագունդը վերադառնում է որպես առաջնահերթ պաշտպանվող տարածք, իսկ ԱՄՆ-ի գլոբալ ներգրավվածությունը կառուցվում է ընտրովի, խիստ շահակենտրոն և հաշվարկված մոտեցման վրա։  Այս փոփոխությունները վերաձևում են միջազգային ամբողջ համակարգը՝ ձևափոխելով նաև Հայաստանի անվտանգային միջավայրը»,-նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա մանրամասնում է.

ԱՄՆ-ի նոր առաջնահերթությունները 

Նոր ռազմավարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը վերադառնում է արտաքին քաղաքականության այն մոդելին, որտեղ գերակա են ազգային շահերը, ոչ թե համաշխարհային վերահսկողությունը։ 

Զգալիորեն փոխվում են առանցքային շեշտադրումները․ 

.առաջնային են դառնում Արևմտյան կիսագունդը և Ասիան, 

.Եվրոպան և Մերձավոր Արևելքը կորցնում են նախկին առաջնայնությունը, 

.Ռուսաստանի հանդեպ մոտեցումը դառնում է ավելի պրագմատիկ՝ առանց արժեքային թշնամանքի, 

.քաղաքականությունը ձեռք է բերում գործարքային և ընտրովի բնույթ։ 

Փոքր պետությունների համար սա նշանակում է, որ անվտանգության ապահովման պատասխանատվության մեծ մասը պետք է իրացնեն ինքնուրույն: 

Ուկրաինական պատերազմի հնարավոր կարգավորման հետևանքները Հայաստանի համար 

Վաշինգտոնը հստակ որդեգրում է Ուկրաինայի պատերազմի հետպատերազմական փուլին անցնելու տրամաբանություն։ 

Եթե այդ ուղղությունը խորանա, ապա․ 

.Ռուսաստանը կարող է ազատել ռեսուրսներ ու վերաուղղել դրանք Հարավային Կովկաս, 

.Արևմուտքի ճնշումն Ռուսաստանի վրա որոշակիորեն կնվազի, 

.Թուրքիա–Ադրբեջան տանդեմն ավելի լայն մանևրի դաշտ կստանա։ 

Այս ամենը կարող է տեղի ունենալ Հայաստանի շահերից հաշվին, եթե Երևանը չունենա հստակ և նախաձեռնող ռազմավարություն։ 

ԵՄ-ի նկատմամբ ԱՄՆ քննադատությունը և Եվրոպայի հնարավոր կերպարանափոխությունը 

NSS-ը արձանագրում է Եվրոպայում ժողովրդավարական որակի անկում, ներգաղթային ճգնաժամ և անվտանգային թուլացում։ 

Միևնույն ժամանակ ԵՄ-ը դիտարկվում է որպես կառույց, որը կանգնած է վերափոխման շեմին։ 

Այստեղ բնական է հարցադրումը՝ արդյո՞ք այս պայմաններում արդյունավետ է Հայաստանի եվրաինտեգրումը։ 

Այո, եթե Հայաստանի համար եվրոպական ուղղությունը դիտվում է ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշման, այլ՝
ինստիտուցիոնալ զարգացման, իրավական կայունության և պետության որակի բարձրացման տեսանկյունից։ 

Եվրոպական չափորոշիչներն իրենց արժեքը չեն կորցնի, նույնիսկ եթե ԵՄ ներսում շարունակվեն քաղաքական ճգնաժամերը։ 

Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ կոշտ հռետորաբանության բացակայությունը՝ ազդակ Երևանին 

Թրամփի նոր ռազմավարությունը հրաժարվում է Ռուսաստանի նկատմամբ «հիմնային թշնամանքի» լեզվից։ 

Սա բացում է գործարքային շփումների սահմանափակ հնարավորություններ։ 

Այս իրավիճակում․ 

.Ռուսաստանը կարող է վերաակենդանացնել իր դերակատարությունը տարածաշրջանում, 

.Թուրքիա–Ադրբեջան տանդեմը կարող է ակտիվացնել իր ռազմավարական ճնշումները, 

.Հայաստանը կարող է հայտնվել վտանգավոր վակուումում։ 

Այդ պատճառով անհրաժեշտ է վերակառուցել Հայաստանի անվտանգության հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նոր մոդելով՝ մեխանիզմային և փոխշահավետ հիմքով։ 

Հայաստանի անվտանգային մոդելի նոր կառուցվածքը 

Հայաստանի անվտանգային համակարգը պետք է հենվի բազմավեկտոր և ինստիտուցիոնալ ամուր մոդելի վրա, որի առանցքային ուղղություններն են․ 

1) Ռուսաստանի հետ վերակառուցված անվտանգային ստրատեգիական համագործակցություն. գործնական փոխշահավետ ձևաչափ՝ սահմանային պաշտպանության համար։ 

2) Եվրոպական ուղղություն. ինստիտուցիոնալ, իրավական, հակակոռուպցիոն և կառավարչական համակարգերի ամրապնդում։ 

3) Իրանի հետ խորքային հարաբերություններ. էներգետիկ, տրանսպորտային և սահմանային համագործակցության ընդլայնում՝ որպես տարածաշրջանային հավասարակշռող ուժ։ 

4) ԱՄՆ-ի հետ թեմատիկ գործընկերություն. կրթություն, տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիաներ, ժողովրդավարություն, կիբերանվտանգություն։ 

5) Չինաստան` երկարաժամկետ տնտեսական և տեխնոլոգիական գործընկեր. ենթակառուցվածքներ, կապի համակարգեր, բարձր տեխնոլոգիաներ, ներդրումային ծրագրեր։ 

6) Հնդկաստան՝ ռազմատեխնիկական և ռազմավարական կարևորություն ունեցող գործընկեր. սպառազինություն, ռազմարդյունաբերական համագործակցություն, տարածաշրջանային հակակշիռ։

7) Թուրքիա–Ադրբեջան տանդեմի զսպում.  բազմավեկտոր դիվանագիտություն միջազգային դերակատարների ներգրավմամբ՝ հատկապես Սյունիքի անվտանգության հարցում։ Սա բնավ չի հակադրվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությանը: 

ԱՄՆ 2025 թվականի ռազմավարությունը ձևավորում է նոր աշխարհաքաղաքական իրականություն, որտեղ մեծ տերությունների առաջնահերթությունները արագ փոխվում են։ 

Հայաստանի համար սա մարտահրավեր է, բայց նաև հնարավորություն՝ ձևավորելու սեփական անվտանգային և քաղաքական օրակարգը՝ հիմնված սուբյեկտայնության, բազմավեկտոր հաշվարկի և հաստատուն պետական ինստիտուցիոնալության վրա»։

Send