Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական

Էջմիածնում հավաքը կարող է լինել իշխանության վերջին խռխռոցը. Փաշինյանը դիմում է գիտակցված ահաբեկչության

Blog Image

Այլոց ահաբեկչության մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է փորձում դիմել ահաբեկչության, որովհետև գիտակցված ու հետևողականորեն քաղաքացիական բախումների դիմելը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչական գործողության դրսևորում։ Ընդ որում, Եկեղեցու վրա հարձակման կոչն  առաջին դեպքը չէ։ Տարիներ առաջ, երբ նա դեռևս ուներ բարձր վարկանիշ, հանրությանը կոչ արեց շրջապատել դատարանները, ինչը նույնպես կարող էր հանգեցնել բախումների։ Սակայն դեռևս իր վարկանիշի բարձունքում գտնվելու ժամանակ ակնհայտ դարձավ, որ այդ կոչը չունեցավ հանրային լայն աջակցություն։ Այնուհետև ուղիղ եթերում Փաշինյանը հայտարարեց, որ եկել է «քաղաքացու վրեժի» ժամանակը, սակայն այդ կոչը նույնպես տապալվեց, բացի մի քանի «կամուֆլյաժավորներից», որևէ մեկը չարձագանքեց։

Բայց հիմա իրավիճակն էլ ավելի վտանգավոր է ու առավել պայթյունավտանգ, ինչը հստակ կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների։ Ակնհայտ է, որ ժողովուրդը չի աջակցում, ավելին՝ զզվանք է զգում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հարձակումներից, զզվանք է զգում նրա ֆեյսբուքյան բառապաշարից, հետևաբար ոչ ոք նրա կոչին չի արձագանքելու, ոչ ոք չի գնալու նրա հրավիրած «հոգևոր հավաքին»։ Սակայն դա չի նշանակում, որ Էջմիածինն այդ օրը լինելու է դատարկ, հակառակը՝ ժողովուրդը զանգվածաբար գնալու է աջակցելու Վեհափառին, պաշտպանելու Մայր Աթոռը ու դեմ առ դեմ հանդիպելու է Փաշինյանին՝ իրա ագրեսիվ փոքրամասնության գլուխն անցած, շրջապատված ոստիկանական բազմաշերտ շղթայով։ Դա մոտավորապես նման կլինի Ավարայրի ճակատամարտին, երբ հայ ժողովուրդը բախվեց պարսիկներին, որոնք շրջապատված էին փղերով։

Ահա այդ պարագայում Նիկոլ Փաշինյանին մնալու է ընդամենը երկու ճանապարհ, կամ ժողովրդի անեծքների ու վանկարկումների ներքո ավարտել իր հավաքը, կամ գրոհել ժողովրդի վրա։ Հաշվի առնելով այն, որ նա նման է այն տզրուկին, որը չի հանգստանում, քանի չի քաշել արյան վերջին կաթիլը, առավել հավանական է թվում երկրոդ տարբերակը, ինչն էլ կհանգեցնի բախումների։ Սակայն ի տարբերություն տարբեր քաղաքական հանրահավաքների կամ ցույցերի, այս անգամ ոստիկանությունը չի գործի իր ողջ վայրագությամբ, որովհետև որքան էլ նրանք «վարժեցված» լինեն ամեն գնով պաշտպանելու օրվա իշխանությանը, այնուամենայնիվ նրանցից յուրաքանչյուրի սրտում լինելու է վախ, վախ՝ Աստծո զայրույթից։ Յուրաքանչյուր ոստիկան հասկանալու է, որ այլ բան է մահակներով ջարդել ժողովրդին Ազատության հրապարակում, այլ բան՝ Սուրբ Էջմիածնի բակում։

Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրություն հայտարարի ու տանկերով շրջապատի Հայաստանի փողոցները, եթե նույնիսկ իր ձեռքը հասցնի Վեհափառին, եթե նույնիսկ բանտերը լցնի հազարավոր մարդկանցով, միևնույնն է Մայր Աթոռի վրա գրոհը լինելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը։ Այդ քայլը առաջացնելու է վերջնական անջրպետ հայ ժողովրդի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Նա սպառելու է իր քաղաքական ռեսուրսի վերջին փշրանքները, քանի որ որքան էլ ասենք, որ Փաշինյանը ձգտում է բռնապետության, այնուամենայնիվ նա ինքնաբավ մարդ չէ, նա առանց Էրդողանի աջակցության ոչ ոք է, իսկ ոչ ինքնաբավ մարդը «նորմալ» բռնապետ չի կարող դառնալ, բռնապետի ծաղր այո, «իսկական» բռնապետ՝ երբեք։ Համաշխարհային պատմությունից մեզ հայտնի բռնապետներից գրեթե ոչ ոք չի եղել օտարի հլու հնազանդ ստրուկը, եթե նույնիսկ եղել են որոշակի գերիշխանության տակ, այնուամենայնիվ պահպանել են հստակ արժանապատվություն, իսկ «մեր» բռնապետը նույնիսկ դրանից է զուրկ։

Վկան՝ Ալիևի վերջին ծաղրը նետված ուղիղ Փաշինյանի երեսին ու վերջինիս քար լռությունը, ժողովրդական հայտնի ասացվածքի նման. «…անձրև է գալիս»։

Կարեն Կարապետյան

Send