Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ջենիֆեր Լոպեսը նուշից ալերգիա է ունեցել, սենյակում իր անունով խալաթներ են եղել, որ խնդրել են՝ ուղարկենք ԱՄՆ

Blog Image

Ջենիֆեր Լոպեսի այցը Հայաստան ու դրա վրա ծախսած գումարների հարցը շատ քննարկվեց։ Երեկվանից աղմուկ բարձրացավ նաև նրա շուրջ, որ երգչուհին պատահաբար իր հետ տարել է նաև «Նարեկածին» ընկերության տրամադրած այն կուժը, որը դրված էր Seven Vision Resort, The Dvin հյուրանոցի իր համարում։ 

«Նարեկածինը» արծաթյա վզնոց էր պատրաստել հատուկ Ջեյ Լոյի համար, և իր վզնոցը ցուցադրել էր այդ կուժի վրա, որը, ըստ «Նարեկածինի», 19-րդ դարի Վանի կուժ էր, այսինքն՝ հնություն և բացառիկ նմուշ։ Ու երգչուհուն թվացել է, թե այդ կուժը ևս իր համար նախատեսված նվերների ցանկում է, ու վերցրել-տարել է իր հետ, մինչդեռ այն ընդամենը դեկոր է եղել։ Հյուրանոցի մենեջմենթից երեկ MediaHub-ի հետ զրույցում սա «հաճելի միջադեպ» էին համարել։ 

Այսօր մենք այս, ինչպես նաև Ջեյ Լոյի՝ հյուրանոցում անցկացրած օրերի, հյուրանոցիային համարի, և ստացած տպավորությունների մասին զրուցել ենք Seven Vision Resort-ի գլխավոր կառավարիչ Սյուզան Առաքելյանի հետ։

-Տիկին Առաքելյան, գո՞հ էր երգչուհին ձեր հյուրանոցից, ի՞նչ տպավորություններ ունեցավ առաջին իսկ մուտքից։

-Դե, առաջին մուտքը, քանի որ լուսադեմին էր, մի քիչ հոգնած էին, ես անձամբ դիմավորեցի ծաղիկներով, որը նախապես համաձայնեցված էր։ Առհասարակ, մեզ մոտ, ըստ արարողակարգի, նախապես ամեն ինչ համաձայնեցվում է, նույնիսկ այն՝ ձեռքսեղմում պե՞տք է լինի, թե՞ ոչ և այլն։ Ընդհանուր առմամբ՝ շատ տպավորված էին, սենյակներ բարձրանալուց մոտ տասը րոպե անց՝ թիմի անդամները հատուկ իրենց հետ շփման համար բացած մեր չաթում արագ-արագ գրեցին, որ շատ շնորհակալ են հյուրասիրության, հյուրընկալության համար (բոլորի սենյակներում հյուրասիրություն է եղել)։ Ընդհանուր շատ հանգիստ էր ամեն ինչ, բացառությամբ այն պահի, որ երկրպագուները գալիս էին հյուրանոցի տարածք ու փորձում նկարել երգչուհուն, նկարվել նրա հետ։ Բայց պայմանավորվածություն կար իր անվտանգության ղեկավարների հետ, որ մենք՝ որպես ռեզորթ, պետք է ապահովենք հյուրի անկաշկանդ և անխոչընդոտ ելումուտը տարածքում, և, իհարկե, պետք է ապահովենք իր անվտանգությունը։ 

-Իսկ շա՞տ էին իր անվտանգության աշխատակիցները։ 

-Չէ, երկուսն էին ընդամենը, ուներ նաև մենեջերներ, որոնք պատասխանատու էին նրա համար, որ ամեն ինչ հարթ ընթանա։ Եվ մենք փորձում էինք ապահովել ամեն ինչ իր համար, որովհետև խնդրում էր, որ ապահովեինք իր հանգիստը մեր ռեզորթում։ Ասում էր՝ «դուք ձեր կողմից ձեր անելիքներն արեք, իմ թիմն էլ իր պարտականությունները կկատարի»։ Մենք նաև սենյակում պատրաստել էինք տորթ՝ իր տեսքով, պատրաստել էինք մրգի հյուրասիրություն, նվերներ, որոնց մի մասը մեր կողմից էին, մի մասը՝ գործընկերների,  բայց այդ ամենը նախապես համաձայնեցվում է հյուրի հետ։ Սենյակում չի կարող դրվել որևէ բան, եթե երգչուհու մենեջերական թիմը չի հաստատել, նույնիսկ տորթի առկայությունը։ Մինչև արտիստի գալը անվտանգությունը մտնում է սենյակ, ստուգում է, որովհետև կարող է էնտեղ դրված լինի մի բան, որից երգչուհին, օրինակ, ալերգիա ունի։ Իսկ ինքը ալերգիա ուներ նուշից։ Մեզ ասվել էր, որ ոչինչ չլինի նուշով։ Ու ռայդեր են տալիս, թե համապատասխան այդ ռայդերի՝ ինչ պետք է լինի սենյակում։ Եվ եթե մեր կողմից ինչ-որ գաղափար ունենք, բացի հետևելուց ռայդերին, մեր կողմից էլ ենք ինչ-որ ժեստ անում։ Մենք սենյակներում ունենում ենք խալաթներ, կիմոնոներ, որոնք նախատեսված են հյուրերի համար, մենք նայել էինք, թե ինչպես են մյուս հյուրանոցներում իր անունով անվանական խալաթներ դրել սենյակում, և մենք խնդրել էինք, որ մեզ համար էլ այդ խալաթների վրա իր անունը ասեղնագործեն՝ J Lo, և հետաքրքիր է, որ ինքը չէր տարել այդ խալաթները։ Բայց երեկ նամակ ստացանք մենեջերից, որ բացթողում է եղել, որ չեն տարել այդ խալաթները, ուստի խնդրեցին, որ դրանք ուղարկենք ԱՄՆ։

-Իսկ Դուք էլ իրենց ասացի՞ք, որ ձեր կողմից էլ բացթողում է եղել, որ իրենք էլ մեր կուժն են տարել իրենց հետ, և դա էլ թող իրենք հետ ուղարկեն։

-Այ մեր կողմից սա մի քիչ խորամանկ հարց է, որովհետև մեր գործընկերը, որը բերել էր զարդը, որ իր անունից նվիրեինք, ես հետո Ձեզնից եմ իմանում, որ ինչ-որ հոդված է եղել այդ մասին, որ երգչուհին այդ կուժը տարել է իր հետ։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք դա իսկապե՞ս 19-րդ դարի կուժ է, որովհետև, երբ տրվել է, մեզ՝ որպես հյուրանոց, չի զգուշացվել՝ ինչ կուժ է դա, 19-րդ դարի մասին խոսք անգամ չի եղել, բացարձակ։ Մենք, այդ թվում՝ անձամբ ես, դա իմանում ենք Ձեզանից։

-Մենք էլ իմացել էինք «Նարեկածինի» ֆեյսբուքյան գրառումից։ 

-Մեզ համար շատ հետաքրքիր էր, որովհետև մենք էլ փորձեցինք կապ հաստատել, հասկանալ։ Եթե դա այդքան կարևոր նշանակության իր էր, ապա չպետք է հայտնվեր մեր ձեռքում և ոչ էլ պետք է հայտնվեր այդ սենյակում։ Դա տրամադրվել է որպես դեկոր, որպեսզի զարդը ավելի ներկայանալի տեսք ունենա։ Մենք չենք տիրապետել ինֆորմացիային։ Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել, ասացին, որ ինչ-որ պահանջ չունեն իրենք, դա իրենց սեփականությունն է, և նվեր են համարում՝ բացթողում է եղել, թե ոչ, դա արդեն մեր մասով չէ՝ որպես հյուրանոց։ Եվ ես վստահ կարող եմ ասել, որ հյուրանոցը երբեք թույլ չէր տա նման բան, եթե ինֆորմացիային տիրապետեր։ Գիտեմ, որ մեր գործընկերն էլ, եթե իսկապես այդքան արժեքավոր բան էր, ու պետք է մնար իր մոտ, ինքը չէր տա մեզ։

-Այսինքն՝ իրենք, երբ դիմել են, որ խալաթները փոխանցեք, Դուք, միևնույն է, կուժը վերադարձնելու խնդրանքով չեք դիմել։

-Ոչ, որովհետև մենք չենք կուժի սեփականատերը, այլ տվյալ կազմակերպությունն է, որը հայտարարել է, որ ինքը կուժի վերադարձի որևէ պահանջ չի ներկայացնում։ Եւ ես իմ անկեղծ կարծիքը ասեմ՝ բացարձակ չգիտենք, թե այդ կուժն իսկապե՞ս 19-րդ դարի է, թե՞ ոչ։

-Շատ խոսվեց Ջեյ Լոյի այցի վրա ծախսած աստղաբաշխական թվերի մասին, որ 6 մլն դոլար է հատկացվել պետբյուջեից, որից 37 հազար դոլար, օրինակ, տրամադրվել է երգչուհու և իր թիմի սննդի համար, 185 հազար դոլար՝ հյուրանոցում մնալու համար։ Եթե դա կոմերցիոն գաղտնիք չէ, կբացահայտե՞ք, թե անձամբ Ջենիֆեր Լոպեսի սենյակի համար որքան է վճարվել։ 

-Ցավոք սրտի՝ չեմ կարող մեկնաբանել, ես չգիտեմ՝ ինչ 6 միլիոնի մասին է խոսքը, կամ դրանք ինչ թվեր են, չնայած՝ լսել եմ որոշ բաներ լրատվամիջոցներից, բայց քանի որ կոմերցիոն գաղտնիք է, ես չեմ կարող դրանք բացահայտել՝ ինչ արժեր սենյակը։

-Բայց չեմ կարծում, թե այդ սենյակում մեկ օր անցկացնելու արժեքը կոմերցիոն գաղտնիք է, ի վերջո, ցանկացողները կարող են, չէ՞, զանգել և ճշտել գինը։ 

-Դե, կարող եք մտնել «Բուքինգ» ու տեսնել։

-Լավ, գոհ մնա՞ց երգչուհին ձեր սպասարկումից։

-Ես կարող եմ ասել՝ այո, գոհ մնաց, շնորհակալություն հայտնեցին բոլորիս՝ իրենց համար 24/7 սերվիս ապահովելու համար:

-Իսկ այդ մեծության աստղեր էլի ընդունե՞լ է ձեր հյուրանոցը այս տարիներին, որոնք գիշերել են հենց Ջեյ Լոյին տրամադրված սենյակում։

-Որպես այդպիսին՝ աստղերից չեմ մտաբերում այս պահին, բայց բարձրաստիճան պաշտոնյաներ շատ են մնացել։ Թեպետ՝ ոչ բոլորն են նախընրում հենց այդ համարը, որը շատ մեծ է՝ 300 քմ մակերես ունի, և, ի դեպ, «Տիգրան Մեծ» է կոչվում։

Վահե Մակարյան

Send