MediaHub-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է հակաեկեղեցական նոր ծրագիր, որը, ըստ MediaHub-ի աղբյուրների, նպատակ ունի հասարակությանը «քայլ առ քայլ վերադարձնել եկեղեցի»։
Մեր տեղեկություններով՝ նա այս գործընթացը դիտում է որպես քաղաքական քայլ՝ կրկին փորձելով թիրախավորել եկեղեցին, իրականացնել այն մեխանիզմները, որ կիրառել էր դեռ 2018 թվականին։
Ինչպես հիշում ենք, Փաշինյանը 2018-ին ընդամենը մի քանի աջակիցներով սկսեց իր «թավշյա հեղափոխությունը», որը հետագայում հավաքեց բազմահազար մարդկանց և վերածվեց «համաժողովրդական շարժման»։ Այժմ, ըստ MediaHub-ի աղբյուրների, Փաշինյանը փորձում է նույն տրամաբանությունը կիրառել եկեղեցու նկատմամբ՝ այս անգամ իր քարոզչական մեխանիզմն ուղղելով Մայր Աթոռի դեմ։ Նպատակը մեկն է՝ վարկաբեկել և զրպարտել հոգևորականությանը, ապօրինի ձերբակալությունների շնորհիվ գլխատել եկեղեցին, խարխլել եկեղեցու հիմքերը։ Երեք թեմերի առաջնորդներ գտնվում են անազատության մեջ։ Փաշինյանը սկսել է մի քանի ուղղությամբ աշխատել առաջնորդներին կալանելու միջոցով թեմերում առաջացնել խնդիրներ։
MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ վարչապետը կիրակի օրը նախընտրում էր, որպեսզի հավաքն առանձնապես բազմամարդ չլինի․ նրա նպատակը, ըստ աղբյուրների, այն է, որ հասարակությունը ամեն շաբաթ տեսնի՝ մարդիկ «դարձի են գալիս դեպի եկեղեցի»։ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իբր հիմա եկեղեցում հայտնվել են «իրական հոգևորականներ»՝ հակադրելով նրանց նախկինում գործած անվստահությանը հոգևոր դասի հանդեպ։
MediaHub-ի տեղեկություններով՝ առաջիկայում Փաշինյանը պլանավորում է փոխել իր հանդիպումների վայրերը՝ ամեն կիրակի ընտրելով տարբեր եկեղեցիներ՝ ընդլայնելով, թե՛ մասնակիցների շրջանակը, թե՛ գործընթացի տարածքը։ Վերջնական նպատակը, ըստ մեր աղբյուրների, կարող է լինել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծաքանակ հավաք կազմակերպելը և մինչև տարեվերջ, կամ գուցե հունվար ամսին՝ հասնել Վեհափառ Հայրապետի հեռացմանը։
Նշենք, երեկ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում էր։ Նա իր թիմակիցների հետ մասնակցում էին կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի (նախկինում տեր Արամ քահանա) մատուցած «պատարագին»։
Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի կրկին հավաք է կազմակերպում Հովհաննավանքում։ «Մյուս կիրակի օրը նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմսուրբ պատարագին»,- նշել էր Փաշինյանը։
