Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն թյուր պատկերացումներ ունի թե’ միջազգային հարաբերությունների, թե’ ժողովրդավարության վերաբերյալ։ Դասը սերտած աշակերտի պես ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում՝ նա որպես ժողովրդավարության ցուցիչ է համարում այն, որ 2018 թվականին իր իսկ ձևակերպմամբ Հայաստանում տեղի է ունեցել «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն»։
Նախ՝ յուրաքանչյուր հեղափոխություն, եթե նույնիսկ տեղի է ունեցել ոչ բռնի, պետության համար որոշակի ցնցում է՝ իր բացասական հետևանքներով։ Բացի այդ, ժողովրդավարությունը ինստիտուտ է, այլ ոչ մեկանգամյա օգտագործման ակցիա, իսկ Նիկոլ Փաշինյանն իրականում չունի քաղաքական լեգիտիմություն՝ սկսած 2018 թվականից։
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ այնպիսի էյֆորիկ մթնոլորտում, երբ ԱԺ ընտրություններին մասնակից մյուս քաղաքական ուժերը գործնականում զրկված էին մրցակցային հավասար պայմաններից, հետևաբար միայն այն հանգամանքը, որ բուն ընտրությունների ժամանակ կեղծիք տեղի չի ունեցել, չի կարող համարվել ժողովրդավարական կայացած համակարգ։ Փաշինյանի ընկալումներում ընտրությունները պայմանավորված են միայն քվեատուփում թերթիկ գցելով, այնինչ դա մի ամբողջական գործընթաց է՝ բաղկացած երեք փուլերից՝ նախընտրական ընթացք, ընտրություններ և հետընտրական զարգացումներ։
Իսկ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես զրկվեց քաղաքական լեգիտիմությունից, քանի որ ընտրություններին ներկայացավ այլ նախընտրական ծրագրով, սակայն, ստանալով անհրաժեշտ քվեն, իրականացրեց տրամագծորեն հակառակը։
Սակայն առավել զավեշտալի է այն, որ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ԵԽԽՎ-ում հավաքված է իր ընտրազանգվածը։ Նա հասցե է ակնկալում Եվրոպայից այն դեպքում, երբ վերջինիս կառույցներից մեկի վճռի կատարումը համարում է ոչ անհրաժեշտ։ Խոսքը Ստոկհոլմի արբիտրի վճռի մասին է՝ կապված ՀԷՑ-ի հետ։ Իհարկե, ԵԽ-ն կարող է և այդ հանգամանքին ուշադրություն չդարձնել, սակայն ոչ թե այն պատճառով, որ իրոք Փաշինյանի խոսքերը հալած-թափած յուղի տեղ է ընդունելու, այլ՝ կախված քաղաքական նպատակահարմարությունից։
Նույն հաջողությամբ ժողովրդավարությունից կարող էր խոսել Սադամ Հուսեյնը, երբ կախաղանի օղակը հագցնում էին վզին, Մուամար Քադաֆին նույնպես կարող էր ասել՝ Լիբիայում իսկը ժողովրդավարություն է։ Իսկ ինչո՞ւ չպետք է նրանք այդպես համարեին, երբ Նիկոլ Փաշինյանը, կալանավորելով Բագրատ ու Միքայել Սրբազաններին, կալանավորելով Սամվել Կարապետյանին ու ունեզրկելով նրան, Հայաստանը համարում է ժողովրդավարական։
Աննախադեպ ժողովրդավարություն է, երբ բանտերը լցված են քաղբանտարկյալներով ու դատավորները վճիռները կարդում են դողդողացող ձայնով, այն նույն դատավորները, որոնց Նիկոլ Փաշինյանը համարում է «վնգստացող»։
Ընտիր ժողովրդավարություն է, երբ համայնքների ընդդիմադիր ղեկավարները հալածվում են միայն այն պատճառով, որ հաղթել են ընտրություններում։ Տվյալ դեպքում ժողովրդավարությունը դառնում է ամբողջական, երբ իշխանությունները այդ համայքներում փորձում են իշխանազավթում անել՝ հայտարարելով արտահերթ ընտրությունների մասին։
Հոյակապ ժողովրդավարություն է, երբ ընդդիմադիր գործիչը գնում է ԱԺ, ու իշխող պատգամավորը սպառնում է պոկել նրա ականջները ու կտրել լեզուն, այնուհետև մեկ այլ ընդդիմադիր կին պատգամավորի անուղղակի անվանում մարմնավաճառ։
Եվ վերջապես կատարյալ ժողովրդավարություն է, երբ երկրի ԱԺ նախագահը փողոցում թքում է քաղաքացու երեսին։ Գուցե և հավատայինք, որ իրոք ապրում ենք ժողովրդավար երկրում ու հավասար պայմաններում, եթե քաղաքացու ձեռքերը նախօրոք ոլորած չլինեին, ու նա էլ հնարավորություն ունենար թքելու ԱԺ նախագահի երեսին։
Կարեն Կարապետյան