Հանկարծակի ճաքած ատամը 61-ամյա Գրեհեմ Բելի մոտ ուղեղի թարախակույտ է առաջացրել, որը գրեթե կյանք է արժեցել։
Նրա պատմությունը հրապարակվել է Ազգային առողջապահական ծառայության (NHS) Ուոլթոնի նյարդաբանության և նյարդավիրաբուժության կենտրոնի կայքում։
Բրիտանացու խոսքով՝ նա պատրաստվել է կարճատև ճանապարհորդության, երբ ուժեղ գլխացավ է զգացել։ Նրա կինը՝ Սյուն, նկատել է, որ ամուսնու դեմքը տարօրինակ կերպով աղավաղված է, ուստի շտապ տարել է նրան հիվանդանոց։ Կաթվածը բացառելու համար բժիշկները Բելի վրա ՄՌՏ հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ նրա ուղեղում երեք սանտիմետրանոց թարախակույտ է առաջացել։ Վիրաբույժները շտապ վիրահատություն են կատարել կուտակված թարախը դուրս մղելու համար։
Տղամարդը արագ ապաքինվել է, բայց մի քանի օր անց նրա վիճակը կտրուկ վատացել է. թեստերը ցույց են տվել, որ վարակը արյան թունավորում է առաջացրել։ «Ինձ շտապ տարան վիրահատարան, որպեսզի թարախակույտը կրկին դուրս մղեն և հակաբիոտիկների բարձր դեղաչափեր նշանակեն՝ վարակի դեմ պայքարելու համար։ Բժիշկները փորձել են պարզել, թե ինչ է կատարվում, և պարզել են, որ ուղեղի թարախակույտը առաջացել է ճաքած ատամից», - ասել է նա։
Բելը շատ զարմացած է եղել բժիշկների եզրակացություններից, քանի որ բորբոքային պրոցեսի որևէ նշան չի եղել։ Նա բերանում ցավ կամ այտուց չի ունեցել, և ատամը չէր ցավել։
Վիրահատությունից և հակաբիոտիկային բուժումից հետո թարախակույտն անհետացել է։ Սակայն վարակի հետևանքով տղամարդը խնդիրներ է ունեցել շարժման և խոսքի հետ։ Այժմ նրան երկարատև վերականգնողական բուժում է սպասվում։