Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «թռնեք վերև, իջնեք ցած, խաղաղությունն արդեն հաստատված կլինի»։ Սակայն մինչ ազգովի կպատրաստվեինք «թռիչքի», պարզվեց, որ բանակը կանգնած է կրճատման շեմին, իսկ մեր պարագայում բանակի թվի կրճատումը գրեթե հավասարազոր է լուծարմանը։
Ընդ որում, Փաշինյանն ու Ալիևը խաղաղության մասին ունեն լրիվ հակադիր պատկերացումներ։ Գնալով խաղաղության՝ Ալիևը ավելացնում է ռազմական բյուջեն՝ հայտարարելով, որ Ադրբեջանն ամեն օր պետք է պատրաստ լինի պատերազմի, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ավելացնում պաշտպանական ծախսերը, այլև պատրաստվում է կրճատել բանակի թիվը՝ շեշտելով, որ միևնույնն է պատերազմ չի լինելու։ Սակայն որքան էլ այս երկու մոտեցումները գտնվեն տարբեր բևեռներում, անուամենայնիվ, ունեն հատման մի կետ։ Պատերազմը երբեք ինքնանպատակ չի լինում, ու երբ կան պահանջներ, որոնք ենթադրում են պարտադիր լուծում, ապա պատերազմից խուսափելու տարբերակներից է կողմերից մեկի անդադար զիջումը, ինչն էլ անում է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամսից կրճատել 18 ամսի։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ պայմանագրային ծառայության ծավալների ավելացման հաշվին։ Սա պարզ մանիպուլյացիա է, քանի որ Հայաստանում պայմանագրային ծառայության ծավալները չեն կարող հասնել այն մասշտաբների, որ կարողանան լրացնել պարտադիր ծառայության ժամկետի կրճատման հետևանքով առաջացած ճեղքը։
Իրականում Նիկոլ Փաշինյանը լուծում է երկու խնդիր, առաջինը՝ ուղղակիորեն կատարում է Ալիևի պահանջը, երկրորդը՝ այդ պահանջի կատարումը փորձում է ծառայեցնել ներքաղաքական շահերին։ Նրա այն հավաստումները, որ Ադրբեջանի հետ գտնվում ենք իրավահավասար հարաբերություններում, որ ձեռք ենք բերում «հաղթանակ», «անկախություն», «ինքնիշխանություն» և այլն, կեղծիք են, քանի որ լիակատար հաղթածը երբեք իրավահավասար բանակցությունների չի նստում լիակատար պարտվածի հետ, որովհետև նման պարագայում իրավահավասար բանակցությունները կլինեին հակաքաղաքական, հակապատմական ու հակագիտական։ Բանակի աստիճանական լուծարումը հերթական փաստերից մեկն է, որ կապիտուլյացիոն գործընթացը դեռևս կանգ չի առել ու «Խաղաղության պայմանագիրը» կկնքվի միայն այն ժամանակ, երբ բավարարվեն Բաքվի ամբողջական ամբիցիաները։ Բացի ՀՀ Սահմանադրության փոփոխության ուղղակի պահանջից, Ադրբեջանը ներկայացրել է բազմաթիվ այլ պահանջներ ևս, այդ թվում կապված բանակի հետ, որը ներկայումս Նիկոլ Փաշինյանը փորձում է ներկայացնել ներքին օրակարգ ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրության փոփոխությունն էր ներկայացնում։ Սակայն հայոց բանակի «ամենաինտելեկտուալ» գեներալը, ներկայիս ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը օրերս ակամայից հաստատեց Ալիևի խոսքերը, որ, այո’, մեր Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ ու եթե ուզում ենք խաղաղություն հաստատել, ապա այն պետք է փոխվի։
Որքան էլ այժմ Նիկոլ Փաշինյանը փորձի բանակի աստիճանական լուծարումը ներկայացնել տարբեր սոուսներով, այն ներգործություն կարող է ունենալ միայն պողոսների վրա (սեփական ընտրազանգվածին որպես Պողոս ներկայացնելը ՔՊ-ականների ձևակերպումն է), իսկ իրականում այն ամբողջական կապիտուլյացիայի դրվագներից մեկն է։
Որպես օրինակ կարելի է բերել Ճապոնիան, որը երբ ստորագրեց կապիտուլյացիոն ակտը, ԱՄՆ-ի պարտադրմամբ իր նոր Սահմանադրության մեջ ամրագրեց, որ երբեք չի ունենալու բանակ, այլ միայն պաշտպանական ջոկատներ ու երբեք որևէ պատերազմի կամ ռազմական գործողության չի մասնակցելու, եթե անմիջապես իր վրա հարձակում չլինի։
Այսօր ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանն ունի մեկ գլխավոր պահանջ՝ Ուկրաինայի ապառազմականացումը, որպեսզի վստահ լինի, որ վերջինս չի կարող սպառնալիք հանդիսանալ իր անվտանգությանը։
Նույնն էլ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, նախքան «Խաղաղության պայմանագրի» վերջնական ստորագրումը, Ադրբեջանը ցանկանում է համոզված լինել, որ իր կողքին ունենալու է անողնաշար, ապառազմականացված, առանց ձգտումների ու երազանքների մի Հայաստան, որին ցանկացած պահի կարող է ճնշել, ստորացնել ու հարկ եղած դեպքում հասցնել հարված, որին վերջինս ի զորու չի լինի պատասխանելու։
Իսկ Նիկոլ Փաշինյանի երկրորդ խնդիրը սպասվելիք ընտրություններում հնարավորինս շատ ձայն կորզելն է։ Եթե այս նախագիծը ընդունվի, իսկ ամենայն հավանականությամբ կընդունվի, ապա այս քայլը կնպաստի որոշակի ձայների ավելացման։ Որքան էլ ցավալի լինի, բայց իրականությանը պետք է նայել բաց աչքերով։ Կունենա՞ այն ներգործություն որոշակի շերտերի վրա, միանշանակ կունենա, քանի որ ժամանակը սուղ է, ու այդ շերտերին դժվար կլինի բացատրելը, որ եթե այսօր ձեր զավակներին ազատում եք բանակում ծառայելուց կամ նրանց համար ծառայելը սահմանափակվելու է ընդամենը 18 ամիս զորամասում միայն ուտելով (ուտելը բանակում Փաշինյանի միակ «ռեֆորմն է»), ապա վաղը գերության են գնալու ձեր թոռները։
Կարեն Կարապետյան