Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել էր մահապատժի, որը հետագայում փոխվել էր ցմահ ազատազրկման։
Մհեր Ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել 2025-ի հուլիսի 23-ին։
Տուժող կողմը դատարանի այդ որոշումը համարել էր անընդունելի՝ նշելով, որ մարդասպանն ազատության մեջ գտնվելու իրավունք չունի։
«Ես չեմ ուզում, որ նա երիտասարդների հետ շփվի, պատկերացնո՞ւմ եք՝ հիմա որքան է կատարելագործվել, հատկապես, որ հոգեբանություն է ուսումնասիրել անազատության մեջ։ Եթե նա 20 տարեկանում կարողացել է այդպիսի սպանություն ծրագրել, 50-ում, պատկերացրեք, թե ինչեր կանի։ Եթե նա ազատության մեջ մնա, իր անունը դեռ կլսենք։ Նա իրոք վտանգավոր մարդ է, ու ես դեմ եմ, որ որևէ նման մարդասպան ազատության մեջ հայտնվի։ Պլանավորած սպանություն իրականացնողներից ոչ ոք չպետք է ազատության մեջ լինի»,- MediaHub-ի հետ զրույցում ասել էր Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան։
Նարե Գնունի