ՀԾԿՀ-ն արդեն ստացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ՓԲԸ նկատմամբ վարույթ հարուցելու և նոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ։ Հաղորդումն ստացվել է հուլիսի 16-ին, և ՀԾԿՀ-ն պարտավոր է հնգօրյա ժամկետում վարույթը հարուցի և որոշում կայացնի։ Հնգօրյա ժամկետը լրանում է կիրակի օրը, բայց հնարավոր է՝ այսօր էլ որոշումը կայացվի ՀԾԿՀ նախագահի կողմից, եթե ոչ, ապա ամենաոշը՝ երկուշաբթի կլինի։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ նշելով, որ հնարավոր է այդ որոշումը կամ հրամանը հենց այսօր էլ լինի։
Նշենք, որ վերջին փոփոխություններով ՀԾԿՀ նախագահին վերապահվել է միանձնյա ՀԷՑ-ում կառավարիչ փոխելու լիազորություն, որն էլ ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու գործընթացի բաղկացուցիչ և կարևոր մասն է կազմում։ Օրենքի այս փոփոխությունը, սակայն, ընդդիմության կողմից վիճարկվել է Սահմանադրական դատարանում, քանզի համարում են այն հակասահմանադրական։
Իշխանությունն արդեն ունի ՀԷՑ-ի իր նոր կառավարիչը, որին պետք է նշանակի ՀԾԿՀ նախագահը։ MediaHub-ն էր դեռ օրեր առաջ հայտնել, որ մեր տեղեկություններով՝ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին են պատրաստվում նշանակել ՀԷՑ նոր կառավարիչ։ Երեկ Ռոմանոսն ազատվեց ՊՎԾ ղեկավարի պաշտոնից, ինչն ավելի ակնհայտ դարձրեց, որ նա պատրաստվում է ՀԷՑ գնալ։ ՀԾԿՀ-ից մեզ այս թեմայով ասացին, որ Հանձնաժողովն ստացել է հաղորդում ՏԿԵ նախարարությունից, և ՀԾԿՀ նախագահը կարող է այդ հաղորդման հիմքով վարչական վարույթ հարուցել։
«Բայց մինչև վարչական վարույթ հարուցելը պետք է գնահատվի վարույթի հարուցման հիմքերի առկայությունը։ Եթե այդ հիմքերն առկա են, ապա ՀԾԿՀ նախագահը կարող է որոշմամբ հարուցել վարչական վարույթ և կառավարիչ նշանակել։ Կարող է նաև կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, եթե դրա անհրաժեշտությունը կա»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի պատասխանատու Լիանա Ազիզյանը։
Նա հակիրճ ներկայացրեց նաև, թե ինչ հիմքեր են դրվել ՏԿԵՆ-ի ուղարկած հաղորդման մեջ՝ սպառողների իրավունքների խախտումներ, մեծաթիվ խախտումներ, դժգոհություններ և այլն։ Բայց բուն կառավարիչ փոխելու պահանջ կամ պնդում այդ հաղորդման մեջ չկա, դա հանձնաժողովի նախագահի միանձնյա որոշմամբ է լինում՝ նոր օրենսդրական փոփոխությամբ, և Հանձնաժողովի նախագահն ինքը վարույթ հարուցելուց հետո կորոշի՝ նշանակի՞ նոր ժամանակավոր կառավարիչ, թե՞ ոչ։ Թե ով կլինի նոր կառավարիչը, և արդյոք խոսքը Ռոմանոս Պետրոսյանի մասին է, ՀԾԿՀ-ից ասացին․
«Կառավարչի անունը պարզ կդառնա այդ որոշման մեջ, որ այսինչ այսինչյանին նշանակել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ»։
Իսկ ՀԾԿՀ նախագահի կողմից որոշումը, ինչպես նշեցինք, հնարավոր է լինի այսօր կամ առավելագույնը երկուշաբթի օրը։ Այսինքն՝ հնարավոր է հենց այսօր էլ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվի ՀԷՑ նոր կառավարիչ։
Վահե Մակարյան