Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել, Կառավարությանը նոր լիազորություն կտրվի. Մամուլը՝ սուրճով

Blog Image

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում, սա այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2023 թվականին էր գրել, որ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումի մեջ նշել է, որ բնակվում է Նար-Դոսի փողոցում եւ վարձակալել է այդ բնակարանը 100 հազար դրամով:

Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության, եթե պատգամավորը մարզաբնակ է, գալիս է մայրաքաղաք՝ աշխատանքի, Երեւանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը եւ ստանալ վարձավճարի փոխհատուցում: Սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ամսական 100 հազար դրամ է ստացել որպես վարձավճարի փոխհատուցում՝ ինչպես նշեցինք՝ լինելով երեւանաբնակ: Այսինքն՝ խախտվել է կարգը, եւ ՔՊ խմբակցության քարտուղարին պետբյուջեից չնախատեսված արտոնություն է տրվել: Սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա, երբ ՔՊ խմբակցության քարտուղարը իշխանական դիրքը օգտագործել է, որպեսզի անձնական եկամուտներ ստանա:

Այժմ, համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի, 2023 թվականին պատգամավորը 30 մլն արժողությամբ անհատական բնակելի տուն է գնել Արարատի Մասիս համայնքում եւ ազատ ժամանակ «կարճ ռիլերի» համար հող է մշակում:

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության, 2017-ին անցել է թմրանյութի գործով. նրա ավտոմեքենայից հայտնաբերվել է թմրանյութ»։

 

 

«Փաստ» թերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ոստիկանության մասին» օրենքում։ Ըստ այդմ, կառավարությունը կլիազորվի՝ սահմանելու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները։

Օրենքի 39-րդ հոդվածը նախատեսում է ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության պետական երաշխիքները։ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Ներկայում ընթացող ներքին գործերի նախարարության ոստիկանության լայնամասշտաբ բարեփոխումների շրջանակներում, նպատակ ունենալով մեծացնելու գրավչությունը և բարձրացնելու հետաքրքրությունը ոստիկանությունում ծառայության անցնելու կամ ծառայությունը շարունակելու հարցերում, նախագծով առաջարկվում է կառավարության համար սահմանել վերոնշյալ լիազորող նորմը:

Նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Կառավարության սահմանած կարգով և պայմաններով ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

Ոստիկանության ծառայողները կարող են ապահովվել նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության այլ երաշխիքներով»:

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Վարչական դատարանում հարուցված գործի շրջանակներում օգոստոսի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Լուսինե Բոյաջյանի եւ Մհեր Պետրոսյանի աշխատասենյակներում: Գրել էինք, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է փաստաբան Արմեն Օհանյանը։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս գործով եւս մեկ անձ կա կալանավորված: Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ տնտեսության, ԲՇԿՄ բաժնի նախկին պետ Աշոտ Խաչատրյանն է, որը, ըստ մեղադրանքի, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով խոշոր գումարի կաշառք է տվել դատավորներին` իրեն անհրաժեշտ հողատարածքի հետ կապված դատական պրոցեսն իր ուզած ելքով ավարտելու համար։

Շրջանառվող լուրերի համաձայն` իրավապահները գաղտնալսել են Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը, որտեղ էլ երեք դատավորով զրույց են ծավալել այս գործարքի մասին։

Դատավորները, որոնց աշխատասենյակում խուզարկություններ են իրականացվել, այս գործով դեռեւս որեւէ իրավական կարգավիճակ չունեն, նրանց դեմ քրեաիրավական պրոցես սկսելը բարդ է, քանի որ գլխավոր դատախազը նախ պետք է դիմի Բարձրագույն դատական խորհրդին՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար, ապա միջնորդություն ներկայացնի դատարան։

Նշենք նաեւ, որ վարչական շրջանի նախկին աշխատող Աշոտ Խաչատրյանն անցնում էր նաեւ մեկ այլ գործով․ 2023 թ. նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՔՊ-ական ղեկավար Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակցի՝ խոշոր չափերի յուրացումների համար, այդ թվում` Խաչատրյանին, բայց այս գործով դատարանն արդարացման դատավճիռ է արձակել, մեղադրանքը դատարանում փլվել է։

Send