Այսօր՝ հուլիսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղի» Ամառանոցային 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ:
Հրշեջները մարել են կրակը և տան սենյակներից մեկում հայտնաբերել են 3 դի: Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները 2 կին են և նորածին երեխա, այդ կանայք էլ նրա տատիկներն են, իսկ տունը, ըստ հարևանների հայտնածի, գազաֆիկացված չի եղել:
ՆԳՆ-ն հայտնել է․
«Հուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է տներից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։
Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի»։