Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC / The British Broadcasting Corporation) գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և «BBC News»-ի լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հեռանում են Դոնալդ Թրամփի՝ BBC-ի «Պանորամա» ծրագրում խմբագրված ելույթի շուրջ ծագած վիճահարույց իրավիճակի ֆոնին։
«BBC-ն կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, «BBC News»-ի շուրջ ծագած ներկայիս վիճահարույց իրավիճակը, հասկանալիորեն, ազդել է իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ է հանդես եկել, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը», - ասել է Դեյվին իր նամակում։
Դեյվին նշել է, որ աշխատում է խորհրդի հետ՝ համաձայնեցնելու իր հեռանալու ճշգրիտ ժամկետները՝ առաջիկա ամիսներին նոր ղեկավարի սահուն անցումն ապահովելու համար։
