Այսօր թվով չորրորդ սրբազանը կալանքի գնաց. «սրբազան առ սրբազան» օպերացիայի հերթական արարում Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էր, որին ևս Մասիս Մելքոնյան դատավորը երկամսյա կալանքի տարավ, ու քանի որ արդեն այս առումով փրձառու է, ընդամենը երկու ժամում կարողացավ դակել կալանքի որոշումը, ըստ փաստաբանների՝ առանց որևէ հիմք ներկայացնելու։
Նախկինում արդեն նույն Մասիս Մելքոնյանը հասցրել է կալանքի տանել Բագրատ և Միքայել Սրբազաններին, և եթե նրանց դեպքում այսքան արագ չէր ավարտվում դատական նիստը, ապա այս դեպքում դատավորն ավելի փորձառու և հմուտ էր ու երկու ժամում կատարեց քաղաքական հերթական պատվերը։ Սա մեր տեսակետը չէ, այս մասին են խոսում տասնյակ փաստաբաններն ու ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքական գործիչները, որոնք այս պահին Հայաստանում կատարվող իրավական գործընթացին մի պարզ ձևակերպում են տվել՝ «ֆարս»։
Եվ, որքան էլ զարմանալի է, այդ իրավական «ֆարսում» ամենաակտիվ ներգրավված դատավորներից մեկը Մասիս Մելքոնյանն է, որի ձեռքի տակով են անցնում ամենահնչեղ դատական գործերը։ Յուրաքանչյուր իրեն հարգող ընդդիմադիր հայացք ունեցող անձ անցնում է Մասիս Մելքոնյանի, կամ նրա նման մեկ-երկու այլ դատավորների թեթև ձեռքի տակով, և որպես կանոն, դրան հետևում է երկամսյա կալանքը։ Կարելի է ասել՝ Մասիս Մելքոնյանը հոմանիշ է քաղաքական հետապնդում և երկամսյա կալանք բառերին։
Ասվածն առավել պատկերավոր ներկայացնելու համար նշենք, որ նրա որոշումներով են ժամանակին կալանավորվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, գեներալ Տիրան Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Իսկ ո՞վ է այս դատավորն ու ինչո՞ւ են գրեթե բոլոր աղմկահարույց գործերը նրա ձեռքի տակով անցնում։ Այսպես, Մասիս Մելքոնյանը նախկինում եղել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Ընդ որում, 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ Այն նույն «Հանրապետություն» կուսակցության, որը նախ դիրքավորվում է որպես ընդդիմություն, ապա Փաշինյանի ձեռքում ու քմահաճույքով ճկվում է այնքան, որքան այդ պահին պետք է ՔՊ-ին։ Ու բնական է, որ նման կուսակցության գաղափարները կրած անձն այս պահին կատարում է այն ամենն, ինչ հրահանգվում է իրեն։ Չէ՞ որ քաղաքականությունն այնպիսի բան է, որ ինչքան էլ հեռանաս, նրա «փոշին» հավերժ մնում է քեզ հետ՝ իր լավ ու վատ հետևանքներով։
Նարե Գնունի
