Երեկ փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է տարածել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «ՈւԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՓԲԸ-ին տրամադրել է բազմաթիվ անժամկետ լիցենզիաներ բժշկական օգնություն և սպասարկում՝ այդ թվում տարատեսակ վիրահատություններ անելու համար, չնայած, իր պնդմամբ, հիվանդանոցը չի ունեցել այդ բարդ վիրահատությունների իրականացման համար համապատասխան բժշկական անձնակազմ և հետվիրահատական բուժման համար համապատասխան հագեցվածության վերակենդանացման բաժանմունք:
Ըստ փաստաբանի՝ այդ փաստն ամիսներ առաջ դարձել է պացիենտի մահվան պատճառ:
«ՈւԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՓԲԸ-ում առանց օրենքով սահմանված պայմանագրային հիմքի գործել է (աշխատել է) վիրաբույժ: Այս անձի (ով կատարել է բարդ վիրահատություն) կողմից վիրաբուժական միջամտության և ոչ պատշաճ հետվիրահատական բուժման հետևանքով պացիենտը մահացել է»,- նշված է Փոստանջյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման մեջ;
Բացի այդ, փաստաբանի ներկյացմամբ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանի ստորագրությամբ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում «ՈւԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՓԲԸ-ին տրամադրվել են բազմաթիվ անժամկետ լիցենզիաներ բարդ վիրահատություններ կատարելու համար: Ամենաթարմը տրվել է` մահ արձանագրելուց հետո մեկ ամիս անց` հինգ տարի ժամկետով:
«Այսինքն, «ՈւԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ՓԲԸ-ն լիցենզիայից զրկվելու օրենքով նախատեսված պահանջի (լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառված ծանր վնասի՝ մահ պատճառելու դեպքով, լիցենզիայի գործողության դադարեցման) փոխարեն կրկին խրախուսվել է:
Խրախուսման հիմքն ակնհայտորեն կոռուպցիան է, որը գործում է համակարգված` պետություն և մասնավոր փոխկապակցված ստվերային հսկայածավալ գումարների շրջանառության սխեմայով (թանկարժեք վիրահատություններ, որոնք կատարվում են կեղծ գովազդի միջոցով և որոնց համար վճարման գումարները չեն մուտքագրվում գանձարան, չեն հարկվում և այլն)»,- նշել է նա։
Արդյո՞ք Փոստանջյանի ներկայացրած այս փաստերը դիտարկվում են գլխավոր դատախազությունում։ MediaHub-ի այս հարցին դատախազությունից պատասխանեցին. որ ստացել են հաղորդումը, սակայն այն դեռևս վարույթ չի ընդունվել։
Նարե Գնունի